Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 փետ 2019 13:04

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի համար.անհեթեթ, սկանդալային հայտարարություններով, հասարակության ուշադրությունն են շեղում երկրի խնդիրներից

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի համար.անհեթեթ, սկանդալային հայտարարություններով, հասարակության ուշադրությունն են շեղում երկրի խնդիրներիցՀայաստանի կառավարության ծրագիրը նման էր կենացների ժողովածուի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Հայաստանի կառավարության ծրագիր, որպես այդպիսին, չկար։ Ծրագիրը պետք է ունենա թվեր, որպեսզի քաղաքացիները հասկանան, թե ինչ ակնկալիքներ ունենան։ Դա ավելի շատ նման էր կենացների, ցանկությունների ժողովածուի, այդ ծրագրից որևիցե ակնկալիք էլ չունեմ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, թե այդ ծրագիրը չէր կարող չընդունվել, քանի որ ԱԺ մեծամասնությունն ամբողջությամբ վերահսկվում է վարչապետի քաղաքական ուժի կողմից։ «Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը, հիշենք պատգամավորներից մեկի խոսքը, թե կողմ կքվեարկեր, եթե անգամ մեկ նախադասություն լիներ։ Ցավոք, մենք ԱԺ-ում ավելի վատ օրինակներ ունենք, քան նախորդ ԱԺ որոշ պատգամավորների պահվածքը»,- ասաց քաղաքագետը։
Հարցին, թե ինչու էր կառավարությունը նման ծրագիր ներկայացնում, Համբարյանը պատասխանեց. «Համապատասխան կադրերի բացակայությունը։ Դա ուղղակիորեն մեծ խնդիրներ է առաջացնում իշխանությունների համար։ Երկրորդը՝ նույն իշխանություններն իրենք են գտնվում հետհեղափոխական էյֆորիայի մեջ, մտածում են՝ ինչ էլ ներկայացնեն, հաճույքով կընդունեն։ Իշխանություններին քծնող, վարչապետին մեծարող խոսքերը հերիք են՝ պատկերացնում ստանալու, թե ինչու են այս բովանդակության ծրագիր ներկայացրել»։
Համբարյանը դրական է գնահատում, որ խորհրդարանական ընդդիմությունը բուռն քննադատեց ծրագիրը, սակայն կարծում է, որ նրանց չի հաջողվի ոչինչ փոխել։ «Ես, իհարկե, շատ ուրախ եմ, որ պաշտոնապես ընդդիմությունը ԱԺ-ում՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի, բավական բուռն արձագանքեց ծրագրին։ Սա պետք է գոնե սթափեցնող լինի նույն իշխանությունների համար։ Եթե ընդհանրապես որևէ քննադատական ելույթ չլիներ, ավելի վատ կլիներ։ Քննադատությունն ապագայում սառը ցնցուղ կլինի Նիկոլ Փաշինյանի համար, բայց գլոբալ առումով ընդդիմությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ծրագրի վրա»,- ասաց նա և հավելեց. «Նախորդ իշխանությունները գոնե ձևական հրավիրում էին կոնսուլտացիաների ոչ իշխանական քաղաքական ուժերին, քննարկումներ էին անում, գոնե քթների տակով անցնում էին։ Գործող իշխանությունները նույնիսկ ձևական մասը չեն պահպանում, իրենց բացարձակ պետք էլ չէր»։
Քաղաքագետն արձանագրեց, թե լավ կանխատեսումներ չունի ծրագրի վերաբերյալ։ «Եթե կառավարությունը ծրագիր է ներկայացնում, որտեղ թվեր չկան, բա մենք չիմանա՞նք, թե 2018-ին ինչ է եղել, 2019-ին ինչ ակնկալիքներ պիտի ունենանք։ Ներկայիս կառավարության գործունեության մասին ասեմ, որ 9 ամիսներին որևէ առաջընթաց չեմ տեսել. այդ ամիսներին իշխանությունները զբաղվել են յուրայիններին պաշտոններ բաժանելով և անհեթեթ, սկանդալային հայտարարություններ անելով, հասարակության ուշադրությունն են շեղել երկրի խնդիրներից, այդ թվում՝ ահագնացող սոցիալ-տնտեսական վիճակից, ահռելի քանակությամբ արտահոսքից։ Որպես գյումրեցի ասեմ, որ բնակչության արտագաղթը ավելի մեծ ծավալներ է ընդունել։ Պարզվեց, որ նույնիսկ վիճակագրական տվյալները ցույց են տալիս՝ անցած տարի Հայաստանը լքել է 8 հազար մարդ»,- նկատեց նա։
Ըստ Համբարյանի՝ մենք մեծ խնդիրներ ունենք արտաքին քաղաքական ոլորտում։ «Նույն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, երբ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը դոզավորված են ներկայացնում տեղեկությունները։ Չեն կարող ԱԳՆ նախարարները՝ չորս ժամ, իսկ Դավոսում Փաշինյանն ու Ալիևը ժամուկես հանդիպել, դրա մասին կցկտուր բաներ ասել։ Իհարկե, բանակցային գործընթացին վերաբերող ոչ բոլոր մանրամասները պիտի ներկայացվեն, բայց այսպիսի վերաբերմունքն էլ աբսուրդ է։ Կան խնդիրներ, որոնց մասին մեր իշխանությունները չեն ներկայացնում։ Արդեն 10 ամիս ապրում ենք հետհեղափոխական շրջանում, շոշափելի փոփոխություններ չենք տեսնում։ ՀՀ-ն փոքր երկիր է, արագ կարելի էր որոշ բնագավառներում կարգուկանոն հաստատել։ Իսկ մենք զբաղված ենք կոկորդիլոսներով, պարգևավճարներով, ԱԺ նախագահի կնոջ անձրևանոցը բռնողով։ Սրանք բոլորը կեղծ օրակարգեր են, մենք ավելի գլոբալ խնդիրներ ունենք։ Այդ խնդիրները կարող են հետագայում լուրջ վտանգ ներկայացնել մեր պետականության համար»,- նշեց քաղաքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր