Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

09 ապր 2019 10:46

Նոր ռազմավարություն եւ նոր շեշտադրումներ Հայաստանի համար.«Ժամանակ»

Նոր ռազմավարություն եւ նոր շեշտադրումներ Հայաստանի համար.«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը անցել է առանց անակնկալ կամ սենսացիոն հայտարարությունների, թեեւ երկու նախագահները արձանագրել են երկկողմ հարաբերության կայուն աճն ու խոսել նաեւ ռազմա-տեխնիկական գործակցության հետագա խորացման մասին: Ռուս-թուրքական հարաբերությունը, սակայն, հայկական դիտանկյունից սենսացիաներով կամ դրանց բացակայությամբ չէ, որ պետք է գնահատվի կամ չափվի: Առավել եւս, որ, այդուհանդերձ, եթե ոչ սենսացիայի, ապա առնվազն անակնկալ զարգացումների մասին խոսելու հիմքեր առկա են, առնվազն դիտարկման մակարդակում:
Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ռուս-թուրքական գործակցությունը կարող է հանգեցնել Թուրքիա-Արեւմուտք այն աստիճանի ճգնաժամի, որ Անկարան ի վերջո դնի ՆԱՏՕ անդամակցությունը դադարեցնելու հարց, կամ այդ հարցը դնի Բրյուսելը, կամ Վաշինգտոնը: Առավել եւս, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդեն արել է կամ-կամ-ի մասին հայտարարություն: Այն, որ ռուս-թուրքական խորացող հարաբերությունը Հայաստանի համար վտանգավոր է պատմականորեն, դա վաղուց ամենեւին նորություն չէ: Սակայն այդ համատեքստում Թուրքիա-ՆԱՏՕ կամ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության ճգնաժամը լիովին նոր իրավիճակ է բերում նաեւ ռուս-թուրքական հարաբերության առումով, եւ այստեղ Հայաստանի համար էլ ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ՝ թե՛ ռուս-թուրքական հարաբերության զարգացումները գնահատելու տեսանկյունից, թե՛ ռեգիոնալ իրողությունները:


Այս համատեքստում հատկանշական է, որ լայն տրանսֆորմացիոն միտումները տեղի են ունենում Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման համատեքստում, որտեղ առանցքային հարցերից մեկը դառնում է հենց դա՝ ինչպես գնահատել ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում: Ընդ որում, դա ոչ միայն տեսական ուղղություն չէ, այլ գործնականում ազգային անվտանգության առանցքը՝ հաշվի առնելով այն, որ ռուս-թուրքական հարաբերությունը կառուցվում է Հայաստանի, ընդհանրապես Կովկասում հայկական գործոնի կենսական շահերը չեզոքացնելու միտված 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ: Համենայնդեպս, առայժմ այդ տրամաբանությունը ոչ միայն չի փոխվել, այլ կողմերը հավատարմություն են հայտնում դրան:
Հասկանալի է, որ իրական քաղաքականության ռեժիմում կարող են լինել մարտավարական հակոտնյա քայլեր, մասնավորապես ռուսական կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի խնդիրը, որ հատկապես ցցուն է Ապրիլյան քառօրյայից հետո եւ ավելացել է թավշյա հեղափոխությամբ, լեգիտիմ իշխանության ձեւավորումով եւ մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքական պատասխանատվության փաստն են դնում ՌԴ առաջ:
Բայց խոսքը, ի վերջո, ռազմավարության գնահատումների մասին է, ըստ այդմ՝ հարցը Հայաստանի նոր ռազմավարության տեսանկյունից առնվազն արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանից չի ստացվել ռազմավարական այլ ազդակ՝ ավանդական, ռուս-թուրքական հարաբերության վրա կառուցված տրամաբանությունից դուրս գալու մասին:
Այդ խնդիրն ինքնին ենթադրելու է Հայաստանի համար ՆԱՏՕ-ի ռեգիոնալ դերակատարման նոր ամրագրումներ, ընդ որում՝ նույնիսկ անկախ զուտ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերության զարգացման՝ ռուս-թուրքական հարաբերության զարգացման հետ փոխկապակցվածությունից: Որովհետեւ այստեղ որոշակիորեն առանձին գիծ է դառնում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունը, ինչն ինքնին նշանակում է Հայաստանի անվտանգային նոր ռազմավարությունում ՆԱՏՕ դերի էական վերագնահատում, այդ համատեքստում նաեւ Վրաստանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր