Այս ամենը շատ անհանգստացնող է.եթե պատերազմ սկսվի՝ թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին

Հիշեցնենք, որ մայիսի 1-5-ը Ադրբեջանի տարածքում անցկացվում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որտեղ ներգրավված են երկու երկրների ռազմական տարբեր ուժեր։
Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները շարունակական բնույթ են կրում, որոնք հաճախ իրականացնում են հայկական սահմանի մոտ։
«Ցանկացած զորավարժություն մարտական պատրաստության և պատրաստակամության զարգացման նոր աստիճան է, որտեղ զինվորից մինչև օպերատիվ ստրատեգիական համապետական կառավարման մակարդակ մշակում է մարտական պատրաստության տարբեր փուլեր և ստարտեգիական գործողություններ։
Այսինքն՝ զինվորներն ու սպաները ձեռք են բերում ունակություններ, հմտություններ՝ գալիք մարտական գործողությունների համար։ Այս փուլում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր նպատակը Արցախի և յոթ շրջանների վերագրավման գործընթացն է։ Թե սրան ինչպե՞ս է հակադարձում մեր զինված ուժերը՝ չեմ կարող ասել։ Որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց այն պետական գաղտնիք է՝ չեմ կարող ասել։ Այս ամենը շատ անհանգստացնող է, որ նման մասշտաբային զորավարժություններ են անցկացնում»,- նշեց գնդապետը։
Ըստ նրա, այս զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը, երբ ՆԱՏՕ-ի օդային ուժերի մարշալը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց ՀՀ ստրատեգիական դաշնակիցը և արտգործնախարարությունը որևէ քայլ չեն ձեռնարկում։
«Երեկ տեղեկացա, որ չեղարկվել է Վրաստանի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, միայն նրա համար, որ Վրաստանը չի համաձայնել ՆԱՏՕ-ի զորքեր թողնել իր տարածք՝ վախենալով Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավիճակի սրացումից։ Բայց, չգիտես ինչու, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը չեն վախենում Հայաստանի և Ռուսաստանի ստրատեգիական հարաբերությունների սրացումից։ Ռուսաստանը Թուրքիային թույլ է տալիս, որպես ՆԱՏՕ-ի հարավարևելյան թև, աստիճանաբար մտնել Ադրբեջանի տարածք»,- շեշտեց Վոլոդյա Հովհաննիսյանը։
Նա նաև հավելեց, որ այսօր Նախիջևանը և Ադրբեջանը թուրքական զորքերի համար շատ հասանելի են դարձել, ինչը Հայաստանի համար վտանգավոր է, քանի որ եթե պատերազմ սկսվի՝ Ադրբեջանը հանգիստ կարող է օգտվել Թուրքիայի աջակցությունից և թուրքական զինված ուժերը կարող են մասնակցել Հայաստանի դեմ պատերազմին։