Սերը տղամարդու և կնոջ միջև մրցակցություն է, թե ով ում ավելի շատ կերջանկացնի
Սիրո դրսևորումների, երջանկության և ներդաշնակ ապրելու հարցերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների
թեկնածու Սոնա Հարությունյանի հետ:
-Խոսենք
ամենակարևոր զգացմունքի մասին՝ սիրո նշանակությունը մարդու կյանքում:
-Սերը ամենախորհրդավոր զգացմունքներից մեկն է: Եվ չնայած նրան,
որ բոլոր ժամանակներում խոսել և գրել են սիրո մասին, ներկայումս էլ այն շարունակում
է մնալ մարդկությանը ամենահետաքրքրող թեմաներից մեկը:
Այն բազմաշերտ է, բազմանշանակ իր բովանդակությամբ և դրսևորումներով:
Դժվար է պատկերացնել առհասարակ կյանքն առանց սիրո. սերը մարդու հիմնային պահանջմունքներից
է, և ողջ կյանքի ընթացքում իր ուրույն նշանակությունն է ունենում` հաղորդելով մարդուն
անվտանգության և հոգեբանական հարմարավետության զգացում:
Ամերիկացի հայտնի հոգեթերապևտ Ի.Յալոմի խոսքերով. «Սերն ավելի
շուտ գոյության ձև է. ոչ այնքան հակում, որքան ինքնանվիրում, վերաբերմունք` ոչ այնքան
մեկ մարդու, որքան ամբողջ աշխարհի հանդեպ»:
-Որո՞նք են
սիրո դրսևորումները, և որքան ժամանակ կարող է այն տևել:
-Սիրո իրական բնույթը, անկախ իր ձևերից դրսևորվում է որոշակի
որակներով, ինչպիսիք են, օրինակ, ըստ Ֆրոմի` հոգատարությունը, հարգանքը, պատասխանատվությունը:
Այլ հեղինակների կարծիքով, կարևոր են աջակցությունը, փոխհասկացումը,
վստահությունը, մտերմությունը: Անշուշտ, սերը կարող է նաև անհատական դրսևորումներ ունենալ:
Ինչ վերաբերում է ժամանակային գործոնին, ապա սերը ինչպես և ծաղիկը
մշտապես, ամենօրյա խնամքի կարիք ունի, որը թույլ է տալիս ենթադրել, որ սիրելու արվեստը
ներաշխարհի տաղանդ է: Վերջինս էլ որոշիչ գործոնն է սիրո տևականության:
-Կան պնդումներ,
որ կինը և տղամարդը տարբեր ձևով են սիրահարվում, սիրում: Մեծ է արդյոք տարբերությունը:
-Այո, կան և ֆիզիոլոգիական, և հոգեբանական տարբերություններ,
որոնց անդրադառնալու համար երկար ժամանակ կպահանջվի... Հակիրճ լինելու համար տարբերակիչը
կձևակերպեմ հետևյալ կերպ, հիմնվելով նաև Օշոյի իմաստուն մտքերի վրա.
«Տղամարդու համար սերը բազում երևույթներից միայն մեկն է: Երբ
նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով,
ջերմությամբ և ուզում է հալչել:
Տղամարդու սերը դա իր հանգստի վայրն է: Հիշե՛ք. նա սիրում է,
երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա կարող է նկարել, գրել բանաստեղծություններ,
հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել:
Այսինքն, տղամարդու համար սերը իր կյանքի մի մասն է՝ նա ունի նաև այլ գործեր: Կնոջ
համար ամեն ինչ հակառակն է. նա կանի այլ բաներ, քանի որ սիրում է։ Եթե նա չի սիրում,
նա դադարում է ընդհանրապես որևէ բան անել։
Այսպիսով, կնոջ համար սերը ամբողջ իր կյանքն է: Ընդ որում, կինը
կարող է լիովին երջանիկ և բավարարված լինել մի տղամարդու հետ, քանի որ նա նայում է
ոչ թե այդ տղամարդու մարմնին, այլ հոգևոր հատկանիշներին: Նա կարևորում է սիրված, հարգված
և գնահատված լինելը տղամարդու կողմից:
-Հաճախ սերը և խանդը միահյուսվում են: Խանդը
սիրո, թե՞, անվստահության դրսևորում է:
-Խանդը
տարբեր պատճառներ ունի. կախված պատճառից այն կարող է լինել նորմալ կամ ախտաբանական:
Հիմնականում խանդն առաջանում է, երբ առկա է ցածր ինքնագնահատական, սիրելի էակին կորցնելու
վախ, սեփականատիրոջ զգացում:
Ի դեպ,
խանդը կարող է ի հայտ գալ ինչպես սիրո առկայության, այնպես էլ բացակայության պարագայում:
Սովորաբար, հասուն սերը ուղեկցվում է ոչ թե խանդով, այլ վստահությամբ:
-Փոխհարաբերություններում ինչպե՞ս հասնել
ներդաշնակության և լինել երջանիկ:
-Առաջնորդվել
Ստենդալի հետևյալ մտքով. «Սերը տղամարդու և կնոջ միջև մրցակցություն է, թե ով ում ավելի
շատ կերջանկացնի»:
Hayacq.com