Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 հուն 2021 11:35

Տեսանյութ.Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական. Փաշինյանը մեկնաբանեց իր հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր լրագրողին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Facebook-ի ուղիղ եթերում մեկնաբանեց Շուշիի՝ հայկական քաղաք լինել-չլինելու մասին ԱԺ-ում արած իր հայտարարությունը:


Փաշինյանը նախ մեջբերեց ԱԺ-ում պատգամավորի հարցին տված իր պատասխանը, ապա մեկնաբանեց, որ այդ հայտարարությունն արել է Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի և 1992թ-ի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու մասին Ադրբեջանի պահանջի համատեքստում:


«Այսինքն՝ երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման: Այդ նոր պայմանը հետևյալն էր, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992թ-ի, այսինքն՝ Շուշիի ազատագրումից առաջ առկա ստատուս քվոյի: Ըստ էության առաջարկվում էր, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96%»,- պարզաբանեց Փաշինյանը:


Նա նաև շեշտեց, որ այս առաջարկից հետո իրեն շատերը հրապարակային քննադատել են, թե տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ինքն այդ հնարավորությունը չի օգտագործել:


«Ես ընդամենը արձագանքել եմ այդ հայտարարություններին, թե այդ ովքե՞ր են ու ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96% ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ հարցը Շուշիի կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության:


«Այսինքն՝ մենք այստեղ պատմական հարց չենք քննարկում, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբում, այլ քննարկել ենք կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու նախապայման է առաջադրվել՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92թ-ի ժողովրդագրական իրավիճակին ու ստատուս քվոյին համապատասխան»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նաև հիշեցրեց` իր այդ հայտարարության մեջ ինքը նաև նշել էր, որ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92թ-ի ժողովրդագրական տվյալներին համապատասխան, Ադրբեջանը առաջ է քաշել բանակցային ողջ գործընթացի ընթացքում:


Իսկ իր հայտարարության շուրջ բարձրացած աղմուկի համար ՀՀ վարչապետը մեղադրեց լրատվամիջոցներին՝ ասելով. «Դուք գիտեք, թե այս հարցուպատասխանի հետ լրատվական դաշտում ում ջանքերով ինչ է տեղի ունեցել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր