Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

23 մար 2021 16:48

Ինձ Արցախից հեռացրին «Լելե-Թեփե»-ի օպերացիան իրականացնելու համար. Մովսես Հակոբյան

««Իսկանդերը» կիրառվել է, և դա փաստ է։ Այն չի կարող կիրառվել ու չպայթել, իսկ կրած վնասների մասին կարող է տեղեկություններ տրամադրել միայն հակառակորդը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։


Նրա խոսքով, այն տարածքը, որ վրա կիրառվել է «Իսկանդերը», հեռու տարածությունից լավ տեսանելի չէ, բացի այդ օրը եղել է ամպամած, ինչը ևս տեսանելիության խնդիր է առաջացրել, ուստի պայթյունից առաջացած վնասների մասին կարող է խոսել միայն հակառակորդը, եթե իհարկե հայկական կողմն այդ տարածքները հետագայում հետ չի բերել։


«Իսկ ես գիտեմ, որ այդ տարածքը, որի վրա կիրառվել է «Իսկանդերը», մենք հետ չենք բերել, ու հետևանքների մասին չենք կարող խոսել։ Եվ իմ հայտարարությունը, որ վնասների մասին տեղեկություն կարող է հայտնել միայն Ադրբեջանը, սրանով է պայմանավորված։ Ուրիշ մարդ չի կարող արդյունքների մասին ասել»,- նշեց նա։


Ըստ Մովսես Հակոբյանի, իրենց Արցախից հանելու պատճառը եղել է «Լելե-Թեփեի» օպերացիան, քանի որ նմանատիպ մի քանի օպերացիաներ ևս փորձել են պլանավորել, իսկ ինքը կանխել է։


«Այդպիսի մի քանի ավանտյուրա ևս փորձել են իրականացնել, իսկ ես իմ հնարավորությունների սահմաններում կանխել եմ դրանք, հրամանատարությունն էլ լսել է ինձ։ Եվ ինձ հանելուց ընդամենը մեկ օր հետո այդ օպերացիան պլանավորվում է, և երկրի ղեկավարը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է պլանը, և սկսում են դա անել։ Արդյունքում մենք կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը, և հարավային դարպասը պահելու հնարավորություն չի լինում։ Կարծում եմ՝ այդ օպերացիան ևս վերլուծության արժանի է։ Այդտեղ ռազմարվեստի մարտավարությանը հակառակ օպերացիա է իրականացվել, որն ի սկզբանե կանխատեսելի է եղել, որ հաջողության չի հասնելու»,- ընդգծեց նա։


Մովսես Հակոբյանն ասաց, փաստ է, որ հակառակորդը լուրջ պատրաստված էր այս պատերազմին, բայց պատերազմի առաջին երեք օրերին, երբ պաշտպանությունը դեռևս ճեղքված չէր, հակառակորդի հարձակումները պետք է մարվեին, և նա չպետք է կարողանար ճեղքում իրականացնել։


«Մեր զինվորների սխրագործություններն ապացուցում են, որ բանակը կարողացել է դիմադրել այդպիսի ահռելի ուժին։ Հակառակորդի տանկերը խոցում էին, և մի պահ նա սահմանափակեց տանկերի կիրառումը, քանի որ մեծ մասը վառվել էր մարտի դաշտում։ Հակառակորդն առանձնապես մեծ առավելություն է ունեցել օդում. ԱԹՍ-ների դեմ պայքարը մեր մոտ բավականին թույլ է եղել։ Սա է եղել, որ հակառակորդը հնարավորություն է ունեցել ինչ-որ հատվածներ ճեղքել։ Այդտեղից են սկսվել մեր բացթողումները»,- կարծիք հայտնեց Մովսես Հակոբյանը։


Անդրադառնալով ԳՇ-ի շուրջ ծավալված իրադարձություններին, Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, ապա դրանից հետո եղած զարգացումների՝ նա ասաց, որ իր համար անհասկանալի է այդ ամենը։


«Այն, որ սահմանադրությունը սահմանափակում է զինվորականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցությունը, վերաբերում է նաև բանակի հրամանատարին, այսինքն՝ երկրի վարչապետին։ Եվ նա չպետք է քաղաքական նկրտումներից ելնելով պաշտոնից ազատի մարդկանց։ Այս բոլոր պրոբլեմները եկել են այն պահից, երբ ԳՇ պետի առաջին տեղակալին ազատեցին։ Մի հարց. ԳՇ պետի առաջին տեղակալին ինչո՞ւ ազատեց. նա հանցագո՞րծ էր, դավաճա՞ն էր, իր պարտականությունները թերի՞ էր կատարել։ Ո՛չ։ Մարդուն աշխատանքից ազատեց, քանի որ նա ծիծաղել է։ Այսինքն՝ մեր երկրում արգելվա՞ծ է ծիծաղելը։ Երբ մարդ անհեթեթություն է դուրս տալիս, ես իրավունք չունե՞մ դրա վրա ծիծաղել»,- հարց հնչեցրեց նա։


Մովսես Հակոբյանը նկատեց՝ Տիրան Խաչատրյանի ազատումը քաղաքական էր, և այդ քայլով քաղաքականությունը բերվել է բանակ, իսկ այդ դեպքում բանակը պարտադրվել է զբաղվել քաղաքականությամբ։


«Հաջորդ հարցը. ո՞րն է Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու պատճառը. եթե նա հանցագործ է, թող քրեական գործ հարուցեին, եթե վատ է աշխատել, թող ապացուցեին, եթե նրա արածը քաղաքական հայտարարություն էր, թող քրեական գործ հարուցեին։ Նրան պաշտոնից ազատելու համար պիտի ծառայողական քննություն անցկացնեին, դա չի արվել։ Այդ մարդուն  պիտի ասեին՝ ինչու է նա մեղավոր»,- նշեց նա։


Խոսելով Արտակ Դավթյանի նշանակման մասին՝ Մովսես Հսկոբյանը հիշեցրեց, որ ԳՇ նորանշանակ պետի թեկնածությունը այդքան էլ ցանկալի չէր իր համար:


«Ես մի անգամ էլ եմ ասել, որ տպավորություն է, թե Արտակ Դավթյանին նշանակել են ապացուցելու համար, որ 44-օրյա պատերազմից հետո բանակը քանդված չէ և նշանակել են, որ ամբողջությամբ քանդվի»,֊ ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր