ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 հուլ 2021 12:16

Մոսկվային արդեն լրջորեն հոգնեցրել են Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ պահանջները

«Փաստ» օրաթերթը գրում է


ura.news-ը «Ռուսաստանին սպառնում է նոր պատերազմ Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրման դեպքում Ռուսաստանը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ: Նման կարծիք են հայտնել ura.news-ի զրուցակից քաղաքական վերլուծաբանները: Տարածաշրջանում տագնապալի իրավիճակը դարձել է Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Փորձագետները կարծում են, որ զրույցի փակ հատվածում պետությունների ղեկավարները պետք է համաձայնության գային, թե ինչպես վերացնեն աճող սպառնալիքը:


Հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Փաշինյանն առաջին անգամ հուլիսի 7-ին այցելել է Մոսկվա: Պուտինը Կրեմլում հանդիպել է իր գործընկերոջը և, սեղմելով նրա ձեռքը, նույնիսկ ողջույնի խոսքերով գրկել է նրան: Շնորհավորելով Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության առթիվ՝ Պուտինը նշել է, որ նա ունի ժողովրդի վստահությունը: «Հուսով եմ, որ այսօր աշխատանքային ճաշի ընթացքում կկարողանանք և՛ պաշտոնական, և՛ ոչ ֆորմալ կերպով խոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերջերս մենք այդքան մանրամասն քննարկել ենք, և որոնք պահանջում են մեր որոշումը», - ասել է Ռուսաստանի նախագահը: Իսկ Փաշինյանի մոտ շատ հարցեր են կուտակվել: Նրա խոսքով, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայունացել է, բայց «ժամանակ առ ժամանակ անհանգստության ու անկայունության օջախներ են առաջանում»:


«Ես կցանկանայի կիսվել իմ գնահատականներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում», - ասել է Փաշինյանը: Նաև, ըստ քաղաքական գործչի, ամբողջովին լուծված չէ Ադրբեջանում գերության մեջ մնացած հայ զինվորականների հետ կապված հարցը, չնայած Պուտինն արդեն օգնել է, որ ևս 15 մարդ վերադառնա հայրենիք: Բացի այդ, Փաշինյանը զեկուցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայուն իրավիճակի մասին: «Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Ես ուզում եմ ասել, որ այնտեղ մենք անընդհատ ունենք մտահոգությունների օջախ վերջին երկու ամիսների ընթացքում: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք համապատասխանեցնել մեր ժամացույցները»,- ասել է Փաշինյանը: Դրանից հետո զրույցը անցել է փակ ռեժիմի: Երկու երկրների սահմանին վերջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել Փաշինյանի Մոսկվա այցից մեկ օր առաջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է երկու վիրավոր հայ զինծառայողների մասին: Բաքուն հայտնել է իր մեկ զինվորի վիրավորվելու մասին:


Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Նիազի Նիյազովը ura. news-ի հետ զրույցում շարունակական լարվածությունը բացատրել է այն փաստով, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղը գրավելուց հետո երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ պետական սահմանների վերաբերյալ: Բացի այդ, շարունակվում են վեճերը Հայաստանի տարածքով միջանցքի բացման շուրջ, որը կկապի Բաքուն Նախիջևանի էքսկլավի և Թուրքիայի հետ: Քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը հաստատել է, որ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների հիմնական թեման այն է, թե ինչպես կանխել հակամարտության հերթական սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, քանի որ Մոսկվան ինքն իրեն զինված բախումների մեջ ներգրավվելու վտանգի է ենթարկում: Նա ակնկալում է, որ հանդիպման արդյունքը կլինի Հայաստանում ռուս սահմանապահների տեղակայման մասին որոշումը:


«Հայաստանի տարածքում զինված բախման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել, քանի որ երկու երկրների բարեկամության պայմանագիրը պարունակում է կետ հարձակման դեպքում փոխօգնության մասին (Ղարաբաղի դեպքում այն չի գործել, քանի որ այդ տարածքը միջազգային իրավունքով համարվում էր ադրբեջանական): Պատերազմի մեջ ներքաշվելուց խուսափելու համար պետք է լուծում գտնել: Դա կարող է լինել ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին, ընդ որում, Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին ևս ռուս սահմանապահներ են կանգնած: Մենք կարող ենք խոսել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանապահների տեղակայման, այլ նաև ընդհանրապես այդ տարածքում ռուս զինվորականների մշտական ներկայության մասին, որպեսզի բացառվեն սադրանքի փորձերը», - ասել է Եվսեևը: «Սպուտնիկ Արմենիան», վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է հուլիսի 6-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքների մասին:



Հրապարակման մեջ գրված է Գեղարքունիքի մարզում ռազմական խմբավորումների տեղաշարժերի մասին: Լրատվամիջոցի հաղորդմամբ, ռուսական ուժերը նախ տեղակայվելու են «առանց խնդիրների» տարածքներում, այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային հեռացումից հետո կանգնելու են լարվածության կետերում: Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը իր հերթին հայտարարել է, որ «սահմանապահների տեղակայման հետ կապված դեռ բովանդակային քննարկումներ են ընթանում»: Նիյազի Նիյազովը նշել է, որ մինչ հիմա Ադրբեջանը չի փորձել ներխուժել Հայաստանի տարածք և խորանալ երկրի խորքը: «Բայց եթե հանկարծ դա պատահի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի գործել, քանի որ Երևանի հետ դաշնակցային պարտավորություններ ունի», - հաստատել է քաղաքագետը:


«Մոսկվային արդեն լրջորեն հոգնեցրել են Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ պահանջները: Որպեսզի ոչ մի ծեծկռտուք ու կեղծ հաղորդումներ չլսեն, Ռուսաստանը կտեղակայի իր սահմանապահներին, որոնք կպաշտպանեն անցակետերը: Դա, ընդհանուր առմամբ, օգտակար է իրավիճակը կայունացնելու համար», - ura.news- ին ասել է ռազմական վերլուծաբան, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր