Ինչու է Թուրքիան Պակիստանին ներքաշում Հարավային Կովկասի գործընթացների մեջ

Սաֆրաստյանը նշեց, որ դրա վկայությունն է Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի խորհրդարանների խոսնակների այցը Շուշի: Փորձագետը հիշեցրեց, որ Պակիստանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանը, այդ երկիրը Թուրքիայի ռազմական գործընկերն է, որն էլ իր հերթին լուրջ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախում պատերազմի ժամանակ:
Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, Թուրքիայի գործողություններն ուղղված են ոչ այնքան Հայաստանի, որքան Իրանի և այն պետությունների դեմ, որոնց հետ նա խնդիրներ ունի։ Պակիստանն իր հերթին, Հնդկաստանի հետ լուրջ հակասություններից բացի, խնդիրներ ունի նաև Իրանի հետ:
«Եվ այդ խնդիրների բեռով այն տարածաշրջան է մտնում։ Դա, բնականաբար, ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - համոզված է Սաֆրաստյանը։
Պակիստանը կարող է օգնել Թուրքիային որոշ միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաև ռազմական մշակումներ (մասնավորապես՝ չինական) ձեռք բերել։ Բանն այն է, որ Պեկինը չի վաճառում դրանք Անկարային, իսկ Իսլամաբադին դրանք հասանելի են։
«Պետք է հասկանալ, որ այսօրվա Թուրքիան մեծ հավակնություններ ունի, այն մտադիր է տնտեսապես ամենազարգացած երկրների տասնյակ մտնել։ Տարածաշրջանում այն ոչ թե Հայաստանի հետ մրցում է, այլ փորձում է դուրս մղել Ռուսաստանին», – նշեց Սաֆրաստյանը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են որոշ հարցերի շուրջ, սակայն ընդհանուր առմամբ, այդ երկրները մրցակցում են միջազգային ասպարեզում։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանը պետք է վերակառուցի իր արտաքին քաղաքականությունը, ակտիվացնի և ընդլայնի համագործակցությունը բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ: