Ռուսաստանի դեմ պահանջներ Ալիևի ձեռքերով. ի՞նչի է ձգտում Թուրքիան

Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, շեշտը դնելով արտաքին լսարանի վրա, Ալիևի հայտարարությունները մատնում են նրա անհանգստությունն ու վախը, հատկապես ՀԱՊԿ մեխանիզմի ակտիվացման և Ղազախստանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման առումով։ Այսպիսով, Ալիևը Թուրքիայի թելադրանքով իր հայացքն է ուղղել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների վրա, բացի դա նրան չի հետաքրքրում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործունեությունը նա բազմիցս անվանել է անօգուտ և անիմաստ։ Նա շանտաժի է ենթարկում հայտարարելով, որ մինչև վերջ կգնա տարածաշրջանային լայնածավալ սադրանքների, եթե իրենց պայմանները (իր և իր թիկունքում կանգնած Թուրքիայի) չընդունվեն կամ անկյուն մղվեն։ Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքները շարունակվեն` կանխորոշելով դիվանագիտական ու քաղաքական զարգացումների հետագա ընթացքը։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքական միջավայրում հակառուսական տրամադրությունները գնալով որոշակիանում են։ Օրինակ` վերջերս Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել է Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանող հանձնաժողով, բացի դա Անկարան խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի և Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական, ինչը հուշում է, որ նրանք փորձում են սեղմել Ռուսաստանին և ստիպել նրան գնալ զիջումների մի շարք ոլորտներում: Եվ այդ ամենը տեղի է ունենում Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների սրման ֆոնին։