Զորքերի կուտակումներ` սահմանին, դիվանագիտական ջանքեր` մայրաքաղաքներում.այդ դեպքում Ռուսաստանը կկանգնի դաժան հետևանքների առջեւ
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Միացյալ Նահանգները և Գերմանիան ունեն իրենց քայլերը համակարգելու հարցում համաձայնություն: Ջո Բայդենի եւ Օլաֆ Շոլցի խոսքերով, այդ դեպքում Ռուսաստանը կկանգնի դաժան հետևանքների առջեւ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Անվտանգության մասին մտահոգություններ հայտնելով, Մոսկվան ավելի քան 100, որոշ հաշվարկներով՝ 130 հազար թվակազմով ուժեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին:
Կիրակի օրը ամերիկյան 1700 թվակազմով հատուկ ջոկատայիններ էլ ժամանեցին Լեհաստանի հարավ-արևելք՝ տեղակայվելո ուկրաինական սահմանի մոտ։ Բայդենն ասում է, թե կարծում է, որ դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է: «Այսօր ես և կանցլերը քննարկեցինք մեր սերտ համագործակցությունը, մշակեցինք պատժամիջոցների խիստ փաթեթ, որն ընդգծում է միջազգային վճռականությունը և արագ ու ծանր հետևանքները, որոնք կկանգնեն Ռուսաստանի առջեւ», ասել է Բայդենը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել նման հայտարարությամբ, սակայն առանց սպառնալու դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Հիշեցնենք, որ խողովակաշարը ամեն տարի Ռուսաստանից նախատեսում է Եվրոպա առաքել 55 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Իսկ ահա Բայդենը լրագրողներին հավաստիացրել է, որ գազամուղն իսկապես կդադարեցվի, եթե Ռուսաստանը ներխուժում իրականացնի: «Այդ դեպքում «Հյուսիսային հոսք 2» չի լինի», ասել է Բայդենը:
Նախկին կանցլեր Անգելա Մերքելը բացահայտորեն համաձայն չէր Բայդենի այս տեսակետին, սակայն այդ դիրքորոշումն այսօր կարող է փոխվել, ասում են վերլուծաբանները: Ինչպես Ջոնս Հոփկինսի համալսարանի վերլուծաբան Ջեֆրի Ռաթքեն է «Զում»-ի միջոցով հիշեցնում, «Գերմանիայի կառավարությունը և կանցլեր Շոլցը խոստովանել են, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում նույնիսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցը կդրվի սեղանին»:
Այս խորացող հակամարտությանը լուծում տալու ջանքերի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ երկուշաբթի օրը հանդիպել էր Պուտինին: Շոլցը նույնպես նախատեսում է այց դեպի Մոսկվա, որից մեկ շաբաթ առաջ նախատեսում է այց դեպի Կիեւ: Մի կողմից ավելանում է զորքերի թվակազմը սահմանին, մյուս կողմից խորանում են դիվանագիտական ջանքերը սահմաններից հեռու: