ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

22 ապր 2022 11:40

Ռուսաստանի համար Զանգեզուրի միջանցքը հնարավորությունների մեծ պատուհան է

Ura.news-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու սցենարներից մեկը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կընդլայնի իրացման շուկաները և ներքին շուկայի հնարավորությունները: Նման կերպ են մեկնաբանել փորձագետները ապրիլի 19-ի նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Փաշինյանի այցը Մոսկվա համընկել է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Ըստ Պուտինի՝ այդ ամբողջ տարիների ընթացքում երկրները համագործակցություն են հաստատել տարբեր ոլորտներում։ «Առաջատարներից մեկը տնտեսությունն է։ 2021 թվականին ունեցել ենք 12,8 տոկոս աճ, իսկ այս տարվա առաջին ամիսներին գումարած ևս 5 տոկոս։ Սա շատ լավ ցուցանիշ է հատկապես ներկա ժամանակներում»,- ասել է նախագահը։ Փաշինյանը կարևորել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի կարևոր ներդրումը Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման գործում։ «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ապահովում է Ղարաբաղի անվտանգությունը»,- ասել է վարչապետը։


Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Ղարաբաղում շարունակվում է տասնամյակներ շարունակ։ Խաղաղության պայմանագիրը, որն այժմ մշակվում է կողմերի կողմից, պետք է վերջ դնի դրան։ Միևնույն ժամանակ, հարևան պետությունները, փոխգործակցելով միմյանց հետ, հիմնվում են 2020 թվականի հայտարարության և 2021 թվականի հունվարին և նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Եռակողմ համաձայնագիրը հայեցակարգային կերպով նախանշում է Զանգեզուրի միջանցքի ստեղծումը (Նախիջևանի հին ցամաքային ճանապարհը, որը, փաստացի, չի օգտագործվում հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից): Այդ ճանապարհն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանով և կապում է Ադրբեջանը իր անկլավի՝ Նախիջևանի հետ։ Հայաստանի տարածքով նրանք բաժանված են ԽՍՀՄ ժամանակներից։ Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձնում համատեղ հայտարարության այդ կետին: Ըստ նրանց՝ Ռուսաստանի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա արդյունքում կարևոր տրանսպորտային միջանցքի բացմանը կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում:


«Եթե այդ միջանցքն ապաշրջափակվի, և համապատասխան ենթակառուցվածքներ հայտնվեն, դա թույլ կտա վերականգնել լոգիստիկ և առևտրատնտեսական կապերը ցամաքային ուղղությամբ ոչ միայն Ադրբեջանի և Նախիջևանի, այլ նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Դա աշխարհաքաղաքական առումով ձեռնտու է Ռուսաստանին. նրա դերը (Թուրքիայի և Իրանի հետ միասին) տարածաշրջանում կավելանա,- ասել է Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան,- սակայն Արևմուտքը մտադիր է կանխել Ռուսաստանի հզորացումը։ Բրյուսելը փորձեց իր ձեռքը վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացը և Ռուսաստանին դուրս հանել դրանից: Այդ ծրագրի մի մասն էր Փաշինյանի և Ալիևի բանակցությունները ապրիլին ԵՄ մայրաքաղաքում, ինչպես նաև հակամարտության սրման փորձերը ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքում»:


«Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակումը Ռուսաստանին թույլ կտա մասամբ լուծել իր ռազմավարական խնդիրներից մեկը, որն է նոր արտահանման և ներմուծման շուկաներ գտնելը,- բացատրել է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջատար տնտեսագետ Նիկիտա Մասլեննիկովը,- Ռուսաստանի համար կարևոր է ցանկացած տրանսպորտային միջանցք: Զանգեզուրը սկզբունքային նշանակություն ունի, այն շատ երկրներ է կապում միմյանց հետ։ Այդ երկրների բիզնեսները կկարողանան աշխատել երկու ուղղությամբ՝ և՛ դեպի Ռուսաստան, և՛ նրանից դուրս։ Մեզ համար դա միջնաժամկետ նշանակություն է ստանում, մենք կարող ենք պլանավորել և՛ արտահանման շրջանառությանը, և՛ ներմուծման ծավալները»։


«Իրանն արդեն հայտարարել է Ռուսաստան հագուստ և կոշիկ մատակարարելու պատրաստակամության մասին։ Բացի դա ինչպես և Թուրքիան, այդ երկիրը ևս մրգերի և բանջարեղենի մատակարարներից է։ Եվ այդ առումով լոգիստիկ հնարավորությունների ընդլայնումը միայն օգուտ կբերի ռուսական շուկային, - ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ախմետ Յարլիկապովը,- Թուրքիայի և Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը թեթևացում է Ռուսաստանի համար։ Հատկապես այս իրավիճակում, երբ լուրջ պատժամիջոցների ճնշում կա Արևմուտքի կողմից»։


«Ռուսաստանի համար Զանգեզուրի միջանցքը «հնարավորությունների մեծ պատուհան է», - ասել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետխորհրդային տարածքում միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Նիյազի Նիյազովը,- կողմերը սկսել են այդ միջանցքը ձևավորել դեռևս պատժամիջոցներ մտցնելուց առաջ և այժմ էլ շարունակում են դա անել։ Բայց որպեսզի միջանցքը կայանա, անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր և բոլոր պայմանավորվածությունների կատարում։ Զանգեզուրի միջանցքը տնտեսական առավելություն կտա Ռուսաստանին, այն պատուհան է պետք դեպի արտաքին աշխարհ։ Դա ուղղություն է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով դեպի ավելի հեռու՝ Մերձավոր Արևելք։ Դա բխում է Ռուսաստանի շահերից, բայց և՛ Թուրքիան, և՛ Իրանը հետապնդում են իրենց սեփական տնտեսական շահերը, քանի որ ռուսական շուկան ազատվում է արևմտյան ապրանքանիշերից»։


Միաժամանակ, փորձագետների կարծիքով, Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ԱՄՆ-ը չի կարողանա ազդել Ռուսաստանի և Թուրքիայի ու Իրանի տնտեսական մերձեցման վրա։ Թե՛ թուրքերի, թե՛ իրանցիների ռուսական շուկայում ազատված տեղերը զբաղեցնելու ցանկությունը այնքան մեծ է, որ նրանք իրենց տնտեսական շահերը ԱՄՆ-ի օգտին չեն զոհաբերի, համոզված են քաղաքագետները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր