Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

14 մայիս 2022 12:02

Չեն կարողանալու ոչինչ անել, ժամանակին ինչ իրենք չեն արել, այսօր ուզում են՝ Փաշինյանն անի, ժամանակին պիտի անեին այդ ամենը. . Մարթեն Յորգանց

Ֆրանսահայ երգիչ-երգահան Մարթեն Յորգանցը սփյուռքահայ այն արվեստագետներից է, որ թեև երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում ու Կանադայում, մշտապես ակտիվորեն հետևում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Երգիչը առաջիկայում պատրաստվում է գալ հայրենիք:

«Հենց Հայաստանի հողերուն վրա ըլլամ, համերգներ էլ կլլա, ամեն ինչ էլ կլլա: Հայաստանը ես շատ կսիրեմ, կպաշտեմ Հայաստանը»,- ասում է Յորգանցը:

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը ներկայացնում ենք առանց փոփոխման:

- Պարոն Յորգանց, Հայաստանում կրկին ներքաղաքական իրավիճակը լարված է: Հետեւո՞ւմ եք: Տպավորությունները հեռվից ինչպիսի՞ն են:

- Հեռուստատեսությամբ տեսնում եմ, բայց իսկապես չգիտեմ, թե ինչ կդառնա: Մենք հեռվից չենք կարող ասել, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ այդ մարդիկ չեն կարողանա ոչ մի արդյունքի հասնել: Ինչու չեն կարողանա, որովհետեւ պարզապես Արցախը փրկելն ու իրենց խոստումներն անելը այդքան հեշտ բաներ չեն. Ռուսաստանէն է կախված շատ բան: Ես պոլիտիկայի հետ շատ կապ չունիմ, բայց հեռուէն ինչ-որ կտեսնիմ, այն է, որ այդ մարդիկ չպիտի կարողանան բան մը անել: Հակառակը՝ ավելի վնաս պիտի տան հայրենիքին: Անկարելի բաներ են իրենց արածներն ու ասածները: Հայաստանի ներքին բաները շատ լավ չեմ գիտեր, բայց այն, ինչ կտեսնեմ ու կզգամ, հետեւյալն է՝ ժամանակին ինչ իրենք չեն արել (ներկա ընդդիմադիր առաջնորդները, որոնք երկար տարիներ ՀՀ-ում եղել են իշխանություն -խմբ.), այսօր կուզեն, որ Նիկոլ Փաշինյանն անի: Ժամանակին պետք է ըլլար այս բաները, ժամանակին պետք է այս մարդիկ միասին սեղան նստեին եւ ամեն ինչ մտածեին: 

- Կարծում եք՝ պատերազմից հետո ընդդիմադիրների գործողությունները է՞լ ավելի են ապակայունացնում Հայաստանի դրությունը և էլ ավելի թուլացնում:

- Հայաստանն այս պահին շատ թուլացած է: Հայաստանը պատերազմի մեջ մտնելու վիճակ չուներ, պատերազմ չպետք է թույլ տային: Ահավասիկ, ահագին զոհեր ենք տվել: Այս վիճակով մենք չենք կրնար նոր պատերազմ ու լարվածություն հրահրել: Արցախը փրկել ու դարձյալ 44-օրյա պատերազմից առաջ եղած վիճակին բերել, այս պահին հնարավոր չէ: Այս գործի հետեւում մեր թշնամիներն են, նամանավանդ՝ Թուրքիան կա: Մենք էլ զորավոր բանակ չունինք: Ռուսաստանն իր պատերազմն ունի, իր խնդիրները ու մեզ չի կարողանա օգնել, ադոր համար անկարելի է նորից հրահրել ու հայրենիքը թուլացման տանել:

- Իսկ Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

- Ես միայն իմ անունից կրնամ խոսել, այլ ոչ թե ամբողջ սփյուռքահայության: Իմ տեսածը սա է՝ ժամանակին, մոտավորապես՝ 1988 թվականին, ես երգ մը ունեի, որ կերգեի Համալիրի մեջ: Այդ երգի անունը «Սեր եւ միություն» էր. ինչ կուզեմ ըսել, եթե սերը եւ միությունը մեր ազգի մեջ գոյություն չունենան, մենք ոչնչի չենք կրնա հասնի: Հայաստանը իրավունք չունի երկու, առավել եւս՝ տաս, քսան մտքերի տեղի բաժանվելու, իրավունք չունի զատ-զատ մտքերի: Մենք պետք է խելացի ըլլանք ու իրար հարգենք: Միայն այս ձեւով կրնանք այս վիճակեն ելնել: Դժբախտաբար, այսօր այդ միասնությունը շատ է նվազել: Հեռվից, երբ տեսնում եմ, որ ժողովուրդը բաժանված է, ասոնք ինձի շատ անհանգստություն կուտա եւ սփյուռքին մեջ ինձի պես հազարավոր մարդկանց համար անհանգստություն կստեղծե: Ես երգիչ մըն եմ, որ Հայաստանին եմ սիրահարված, եւ ինչ էլ, որ ըլլա, Հայաստանի կողքին եմ:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչը Հայաստանում կկայունացնի իրավիճակը:

- Պետք է սպասել, պետք է մտածել, բայց ամենակարեւորը միասին ըլլալ: Այս վայրկյանին մեզ միայն մնում է սպասել, այլ գործողությունն անկարելի է: Ինձի համար անչափ կարեւոր է փոքրերի ուսումը հզորացնել եւ հետագայի համար ապավինել իրենց վրա: Անոնք են մեր ապագան: Այս կռիվներով ու պառակտումներով տեղ մը չենք հասնի, մեզի համար կարեւորը ապագայի մասին մտածելն է, իսկ դրա համար որակյալ կրթություն է պետք: Այն, ինչ այսօր չենք կրնար անել, պիտի անենք 20 տարի հետո, բայց այդ 20 տարի հետոյին պիտի պատրաստենք մեր փոքրիկներին:

- Պատրաստվո՞ւմ եք արդյոք առաջիկայում այցելել Հայաստան:

- 34 տարի է՝ ամեն տարի գուքամ, բացի այս վերջին երկու տարիները, որ քովիդի երեսեն չկրցա գալ: Այս տարի մի երկու-երեք ամսից անպայման պիտի գամ: Առաջին անելիքս մեր զինվորների գերեզմաններին այցելելն է: Իհարկե, իրենց ընտանիքներուն չեմ գիտեր՝ ինչ ասել, որովհետեւ այնքան դժվար իրավիճակի մեջ են հայտնվել, որ ինչ էլ ասեմ, անիմաստ կթվա: Կուզենամ անպայման տեսնել այն տղաներուն, որոնք այսօր պատերազմի պատճառով ոտք չունին, ձեռք չունին, պետք է տեսնեմ, խոսեմ, հասկանամ՝ ինչպես պիտի իրենց օգնեմ:

- Ձեր մաղթանքը Հայաստանին ու հայ ժողովրդին:

- Կմաղթեմ, որ մեր ժողովուրդը սիրով եւ միաբանությամբ ապրի, աշխատի, որովհետեւ կռիվներով ու ցույցերով բանի չենք հասնի: Չեմ ուզում, որ Հայաստանը տկար վիճակի մեջ ըլլա: Ադոր համար ձեռքես եկած ամենը կենեմ: Մեծ ընկերական եւ ազգային բարեւներս եմ ուղարկում իմ ազգին: Ես Հայաստանի ամեն մի անձի շատ կսիրեմ, մանավանդ՝ փոքրիկներուն:
armtimes.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր