Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 հուն 2022 13:11

Փաշինյանի ու Ալիևի գլխավոր նպատակը. ո՞ւմ են իրականում դիմում Փաշինյանն ու Ալիևը

ՀՀ իշխանությունների հայտարարած Խաղաղության դարաշրջանի կոնտեքստում գրեթե զուգահեռաբար ուշագրավ ուղերձներով են հանդես եկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ կասկածի տակ դնելով տարածաշրջանում խաղաղության հեռանկարները:


Նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթով փորձեց կրկին «ապացուցել», թե ՀՀ նախկին բոլոր իշխանություններն իրենց բանակցած փաթեթներով Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, կրկին երկարաշունչ կերպով անդրադարձավ իբրև թե նախկին իշխանությունների թողած բանակցային ժառանգությանն այն դեպքում, երբ գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը խաչ էր քաշել ՀՀ նախկին իշխանությունների բանակցային ժառանգության վրա և անընդհատ կրկնում էր, թե բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից:


Նիկոլ Փաշինյանն ապարդյուն ջանքերով փորձում է ցույց տալ, թե այսօր բանակցային սեղանին դրված խնդիրները և գլխավորապես Արցախի կարգավիճակի և անկախ կարգավիճակի թեման մշտապես «փակ» է եղել բանակցություններում:


«Ի՞նչ հետևություն ենք մենք արել: Այս մասին հայտարարել եմ դեռևս ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումներում՝ ասելով, որ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները: Սա մի խոսույթ է, որ հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը: Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,-նշեց Փաշինյանը:


Ուշագրավ կերպով նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, ցավոք, և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է: Ապա շարունակում է, որ այդ խաղաղությունը ևս կասկածի տակ է.


«Ի՞նչ է նշանակում համապարփակ խաղաղություն. դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված: Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանանք, կստացվի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:


Բաքվի գլոբալ ֆորումի ընթացքում էլ Իլհամ Ալիևը ևս տողատակերով լի հայտարարություններ է արել, նշել.


«Եթե չլինի Զանգեզուրի միջանցք, չի լինի նաև խաղաղություն:


Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:


Հետևաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այդ տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված։


Վրաստանի կառավարությունը աջակցում է երկխոսություն սկսելու նպատակով Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, ես դրա համար լավ բացատրություն չեմ գտնում։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաև եվրոպական կառույցներից մեկից, և կրկին մերժում է ստացվել։ Եթե ​​Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում. Եթե ​​նոր պատերազմ, ապա դա կործանարար կլինի նրանց համար:


ԵԱՀԿ-ից մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ուստի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուց հետո Մինսկի խումբն այլևս պետք չէ։


Այսպիսով, ուզում եմ արտահայտել մեր դիրքորոշումը, այն է, որ Մինսկի խմբի մասին ցանկացած շահարկում Հայաստանում կամ որևէ այլ երկրում միայն զայրույթ է առաջացնում Ադրբեջանում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը. Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները լուծվել են. Հիմա պետք է մտածել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղիների մասին, խաղաղության պայմանագիր կնքել:


Մենք պետք է հրաժեշտ տանք այս հակաարդյունավետ խմբին՝ ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ ժամանակն է, որ նա թոշակի գնա: Մինսկի խմբի վերածննդի մասին խոսակցություններն առաջացնում են մեր հակազդեցությունը»։


Հարկ է նկատել այն հանգամանքը, որ Ալիևն իր խոսքը համեմում է «ՀՀ կառավարությունը պետք է հասկանա», «ՀՀ կառավարությունը պետք է չբարձրացնի կարգավիճակի հարց» և նմանատիպ ձևակերպումներով այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունն իրականում նույնիսկ ՀՀ ներքին լսարանին ուղղված որևէ մակարդակի հայտարարությամբ ԼՂ անկախ կարգավիճակի հարց չի բարձրացնում, չի խոսում ինքնորոշման իրավունքից, այլ խոսում է արցախահայության անվտանգության ու իրավունքների երաշխիքների մասին, որոնք կարող են տեսականորեն ապահովվել նաև Ադրբեջանի կազմում:


Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային խոսքը կառուցում է այս անհիմն պնդման վրա արդեն տևական ժամանակ, կարծես հող նախապատրաստելով իր ապագա հնարավոր քայլերի համար: Տպավորություն է ստեղծվում, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը՝ երկուսն էլ, խոսում են հայ ժողովրդի համար, փորձում են ապագա որոշումների համար տրամադրություններ ստեղծել, բացել գործընթացի բոլոր փակագծերն ու շերտերը՝ զուգահեռաբար կասկածի տակ դնելով իրենց իսկ շրջանառության մեջ դրած, այսպես կոչված, խաղաղության օրակարգը՝ սպառնալով պատերազմով այն դեպքում, երբ տողատակերում վաղուց կողմերի միջև նկատվում է կոնսենսուս:


168.am-ի հետ զրույցում Ստանիսլավ Տարասովն ասաց, որ գործընթացը Երևանի ու Բաքվի միջև բավականին փակ է ընթանում, չնայած նաև այն հանգամանքին, որ վաղուց նկատվում է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև որոշակի համակարգում, որը միայն հեռակա հրապարակային դաշտում է երևում:


Ըստ նրա, եթե հաշվի առնենք, որ կա համաձայնեցում, համակարգում, ապա հասկանալի կդառնան նաև երկու կողմից հնչող հայտարարությունների վեկտորները:


Նա նշեց, որ գործընթացից, հայտարարություններից երևում է, որ փակ պրոցեսներ են ընթանում, դա ապացուցելը չափազանց բարդ է, բայց վերլուծաբանը, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է հակամարտությունը, հակամարտող երկրների ղեկավարների հայտարարությունները, կարող է նման եզրահանգումներ անել:


«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մի քանի հանդիպում են ունեցել Բրյուսելում, ցանկանում են արագացնել գործընթացը, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, ամեն պահի աշխարհում, ռեգիոնում ինչ-որ բան է փոխվում, և կողմերն այս ամենում ունեն իրենց ավելի մեծ ու փոքր նպատակները»,-նկատեց վերլուծաբանը:


Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա Տարասովն ասաց, որ պատերազմն ամենուր, առավել ևս հիմա՝ հնարավոր է, բայց Հարավային Կովկասում ի՞նչ հարց պետք է լուծվի պատերազմով:


«Երևանն ու Բաքուն պետք է սահմանազատում իրականացնեն, ավտոմոբիլային ճանապարհի շուրջ կա համաձայնություն, իսկ Ղարաբաղյան հարցում ՀՀ-ն կարծես չկա, Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են կանգնած, դա է այսօր ԼՂ կարգավիճակը, և շատ բան կախված է հենց Ռուսաստանից»,-ասաց Տարասովը:
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր