Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

23 դեկ 2022 19:00

Արցախում տեղակայվել է զինված զորակազմ, որը ոչ թե խաղաղապահ է, այլ, փաստորեն, քաղաքացիական․ այլապես միջանցքը 11 օր փակած ադրբեջանցի քաղակտիվիստները «շատ ակուրատնի» հեռացված կլինեին

Երեկ երեկոյան՝ այն ընթացքում, երբ ՄԻԵԴ-ը Լաչինի միջանցքի փակման հարցով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում էր կայացնում, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները փորձում բացել Լաչինի միջանցքի արգելափակված հատվածը, որպեսզի ռուսական խաղաղապահների բեռնատարն անցնի այդ հատվածով, սակայն ապարդյուն։ Ադրբեջանցիները չեն ենթարկվում խաղաղապահի՝ երկու անգամ հնչեցված հրահանգին, ինչից հետո ռուսական բեռնատարի վարորդը ճանապարհը բացել փորձող իր գործընկերոջից ստանում է մեքենան դեպի հետ՝ ելման դիրք վարելու հրաման։ Տեսագրությունն, ի դեպ, Թվիթերում հրապարակել էր Արցախի օմբուդսմենը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ Լաչինում ստեղծված իրավիճակին՝ արձանագրելով երիցս արձանագրվածը․ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը՝ մասնավորապես հավելելով․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։

Կառավարության ղեկավարի այս արձանագրումը չափազանց կարևոր է՝ որպես ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը տրված հստակ գնահատական։

Այդ գնահատականի հետ, պարզվում է, համաձայն չէ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որն ի պատասխան Փաշինյանի վերոհիշյալ հայտարարության՝ արձագանքել է. «Ռուս խաղաղապահներն անում են ամեն հնարավորը, որպեսզի ապահովեն կարգուկանոն և հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ նրանք գործում են բացառապես համապատասխան այն փաստաթղթերի ոգուն և տառին, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման»։ Խաղաղապահներին պաշտպանելու փորձ է արել նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գրեթե նույնությամբ կրկնելով Պեսկովի մտքերը՝ հավելելով. «Ով չգիտի, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այդ մի քանի սրացումներ են եղել, եղել են խնդիրներ, և կողմերը մեղադրել են միմյանց, և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար։ Նրանց դա հաջողվել է։ Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում»։ Ի դեպ, տիկին Զախարովային մեր հերթին ուզում ենք հիշեցնել նրա՝ դեկտեմբերի 15-ին արված մեկ այլ հայտարարություն, ըստ որի՝ «ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։ Զախարովայի խոսքից անցել է մեկ շաբաթ, միջանցքը շարունակում է փակ լինել։
Վերադառնալով պարոն Պեսկովի հայտարարությանը՝ նշենք, որ այն առնվազն զարմանք է հարուցում, սակայնամենազարմանալին նրանում առկա հետևյալ ձևակերպումն է՝ «ապահովել կարգուկանոն և հանգստություն»։ Պարոն Պեսկովը գուցե ևս մեկ անգամ ընթերցի համապատասխան փաստաթուղթը և վերհիշի ռուս խաղաղապահ առաքելության տեղակայման կոորդինատները՝ Արցախ՝ շփման գիծ և Լաչինի միջանցքի երկայնք, ապա և՝ առաքելության բնույթը՝ խաղաղապահ։ Եվ եթե անգամ պարոն Պեսկովը խաղաղապահ առաքելության լիազորությունները որոշել է սահմանափակել միայն հանգստություն ապահովելով ու կարգուկանոն հաստատելով, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը անցած երկու տարիների ընթացքում պարբերաբար դիմում անկարգության, մասնավորապես՝ փակում միջանցքն ու խաթարում Արցախում ապրող 120 հազար հայերի հանգստությունը։ Մեկ հիշեցում էլ.ս.թ. հոկտեմբերի վերջին կայացած Սոչիի հանդիպումից հետո Ն.Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել էր, որ «ԼՂ խաղաղապահ զորախումբը շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ Դաշնային խորհրդի որոշման հիման վրա. դրանում գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար»: Եթե ևս մի քանի օր շարունակվի միջանցքի շրջափակումը, ապա ռուսական խաղաղապահ զորակազմը հավասարապես կիսելու է զանգվածային սպանության կանխամտածված ակտի պատասխանատվությունը։

Նշենք, որ երբ խաղաղապահ առաքելությունը մուտք գործեց Արցախ և Լաչինի միջանցք՝ «կատարելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները», Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հանդես եկավ ասուլիսով և մասնավորապես նշեց, թե ինչ առաքելություն է իրականացնելու, ինչ առաջադրանքներ է կատարելու զորակազմը.«Խաղաղապահների պատասխանատվության ներքո են հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հավաքելու, այդ տվյալները օպերատիվ կերպով խաղաղապահ ուժերի հրամանատարությանը հասցնելու, ինչպես նաև տարանցիկ տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը պահպանելու և խաղաղ բնակչության դեմ հակաօրինական գործողությունները կանխարգելելու խնդիրները։ Դա կնպաստի արագորեն անցնելու խաղաղ կյանքին և վերադարձնելու փախստականներին»,-նշել էր ռուս պաշտոնյան՝ հավելելով, որ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում՝ շփման գծի երկայնքով կիրականացվի պարեկություն, որը վերապահված է խաղաղապահ զորակազմի մեջ մտնող ռազմական ոստիկանության ստորաբաժանմանը։ Այս ստորաբաժանման խնդիրներից էմասնավորապես Լաչինի միջանցքով երթևեկի անվտանգության ապահովումն ու բեռների ուղեկցումը։

Հարկ է հիշեցնել Ռուդսկոյի այն հավաստիացումը, թե՝ հակամարտության գոտի ուղարկված խաղաղապահների մեծ մասը Սիրիայում մարդասիրական օպերացիաների իրականացման փորձ ունի, բոլորն անցել են հատուկ պատրաստություն և քաջատեղյակ են զինված հակամարտություններում հումանիտար իրավունքի միջազգային նորմերին։ Ռուս պաշտոնյան հատուկ ընդգծել էր նաև, որ խաղաղապահ զորամիավորումը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ ԲՏՌ-81Ա զրահամեքենաներով, «Վագր» և «Թայֆուն» մեքենաներով և այլն:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններում ևս կոնկրետացվում են խաղաղապահ զորակազմի զինծառայողների կողմից իրականացվող խնդիրները՝ «հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ և տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովում»։

Հիշեցնենք, որ Արցախում խաղաղապահ առաքելության տեղակայման մեկամյակի առթիվ էլ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել, որի ժամանակ ցուցադրվել էր այն զրահատեխնիկան, որոնք կցված են զորակազմին. մասնավորապես՝ Ми-8АМТШ ուղղաթիռ, «Тайфун», «Тигр-М» զրահամեքենա, «Орлан-10» և «Форпост» ԱԹՍ-ներ և այլն։

Խաղաղապահ զորակազմի՝ անցած երկու տարիների գործունեությունը թույլ է տալիս արձանագրել, որ Արցախում տեղակայվել է զինված, համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովված զորակազմ, որի գործունեությունը, սակայն, ոչ թե խաղաղապահական է, այլ, փաստորեն, քաղաքացիական։ Այլապես միջանցքը 11 օր փակած ադրբեջանցի քաղակտիվիստները, ինչպես ասում են՝ «շատ ակուրատնի», եթե կուզեք՝ «շնորհքով» կհեռացվեին խաղաղապահների կողմից,և այսպիսով ոչ միայն կկանխվեր Արցախին սպառնացող հումանիտար աղետը, այլև խաղաղապահների հեղինակության դեմ ուղղված հերթական սադրիչ գործողությունը։
Աղբյուրը medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր