Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

26 դեկ 2022 13:43

Ատել թշնամուն․Նախկինում դպրոցականները նկարում էին մահացած երեխաների, իսկ այժմ՝ «Բայրաքթարներ »

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում զոհի մարտական ​​պաշտամունքը փոխարինվեց հաղթանակի մարտական ​​պաշտամունքով։ «Ծառայություն հայրենիքին, հավատարմություն ժողովրդին, ատելություն, ատելություն, ատելություն թշնամուն»․ սա այն կարգախոսներից մեկն է, որը երեխաներին սովորեցնում են Ադրբեջանի մի շարք դպրոցներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Երեխաներին պարտադրված հայրենասիրական «գործունեությունը» ցույց է տալիս, թե, չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, որքան հեռու են հարևան ժողովուրդները հաշտվելուց։


«Պատերազմից հետո գլխավորը, ինչի մասին մտածում էի, այն էր, որ պետք է իմ դեմքը փրկեմ երեխաների աչքի առաջ»,- ասում է Ադրբեջանից դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը (անունը փոխվել է նրա խնդրանքով): Երկար տարիներ նա երեխաներին դասավանդել է պատմություն՝ փորձելով խուսափել սուր անկյուններից. նա դպրոցական դասագրքերից չի մեջբերել առանձնապես ագրեսիվ հատվածները և խրախուսել է աշակերտներին գտնել տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ:


Գրեթե 30 տարի առաջ Ադրբեջանը պարտություն կրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետ պատերազմում, հիշեցնում է BBC-ն և նշում, որ 2020 թվականի աշնանը սկսված նոր պատերազմում Ադրբեջանի հաղթանակից և մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Շուշին իր վերահսկողության տակ վերցնելուց հետո, Ադրբեջանում ու ադրբեջանական կրթական հաստատություններում գերիշխում է էյֆորիան։ Որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում այս էյֆորիան սկսեց ձեռք բերել այլատյացության քարոզի հատկանիշներ։


Նախկինում դպրոցականները նկարում էին մահացած երեխաների, իսկ այժմ՝ «Բայրաքթարներ»


Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են հայրենասիրական «միջոցառումների» ժամանակ ադրբեջանցի երեխաների մասնակցությամբ տեսանյութերը։ Ռեպորտաժներից մեկում մի քանի շարքով շարված դպրոցականները ձեռքերը բարձրացնում և «Ուռա՜» են բացականչում, երբ ուսուցիչները թվարկում են պատերազմում զոհված նախկին աշակերտների անունները: Մեկ այլ տեսանյութում՝ զինվորական հանդերձանք կրող մանկապարտեզի տղաները հենակներով և վիրակապած ոտքերով ու ձեռքերով մտնում են դասարան:


Տեղական ալիքներից մեկի հեռուստատեսային ռեպորտաժում բակում հավաքված դպրոցահասակ երեխաները երգչախմբում բղավում են «Ծառայություն հայրենիքին, հավատարմություն ժողովրդին, ատելություն, ատելություն, ատելություն թշնամուն»: «Այս երեխաները վաղվա զինվորներն են, բժիշկները, ուսուցիչները, մեր երեխաներն են, ովքեր պաշտպանելու են մեր երկիրը առաջնագծում»,- հնչում է լրագրողի մեկնաբանությունը։ Դժվար թե Ադրբեջանում որեւէ մեկը կասկածի, թե ում մասին են այդ վանկարկումները։ Ադրբեջանում «հայամետ» բառն իրականում անեծք է, իսկ հայկական արմատները՝ կոմպրոմատ։ Տեղական հեռուստաալիքներից մեկում, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ծաղրանքով հայամետ են անվանում՝ մանկական երգչախմբի կողմից «Буратино» երգի կատարման ժամանակ։


«Պատերազմից հետո դպրոցում փոխվել է գլխավորը, դա «միջոցառումներն» են»,- ասում է դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը,- «նախկինում մենք բոլորս դժբախտ զոհեր ենք եղել, բայց հիմա նորից բոլորս միասին հերոսներ ենք։ Համապատասխան շարժառիթներն արտացոլված են երեխաների նկարներում և արհեստներում՝ շնորհիվ ուսուցիչների ցուցումների. բայց նույնիսկ առանց նրանց»։ Եթե ​​նախկինում աշակերտները զոհված երեխաներ էին նկարում, ապա այժմ պատկերում են խիզախ զինվորներ և «բայրաքթարներ»՝ թուրքական անօդաչու թռչող սարքեր, որոնք կարևոր դեր են խաղացել պատերազմում։ 


«Ղեկավարությունը փորձում է իր գլխից բարձր թռչել»


2021 թվականի սկզբին Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարեց, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, և որ դրա մի մասը պետք է դառնա Ղարաբաղյան պատերազմի ուսումնասիրությունը։
Ֆիքրեթը BBC-ի թղթակցին պատմել է, որ հայրենասիրության դասերը միայն անցյալ տարի են հայտնվել իր դպրոցում, և որ անցյալ պատերազմն արդեն ազդել է դպրոցական ծրագրի վրա, օրինակ՝ հաղթանակի թեմայով շարադրությունների մրցույթի տեսքով․ «Մեզ հանձնարարվել է, որ ուսուցիչները երեխաներին ասեն, որ հաղթանակի մասին շարադրություններում պետք է ընդգծվի նախագահի դերը և նրա շուրջ մարդկանց համախմբումը»։ Հրահանգները, ըստ նրա, գալիս են կա՛մ բանավոր՝ անձամբ տնօրենից, կա՛մ գրված են ուսուցչի սոցիալական ցանցի ընդհանուր խմբում (չաթում):


Այս տարի ուսումնական տարվա մեկնարկից քիչ առաջ Հայաստանի հետ սահմանին բախումներ եղան (խոսքը սեպտեմբերյան էսկալացիայի մասին է-խմբ․), որոնք երկու կողմից տասնյակ զինվորների կյանք խլեցին։ Ֆիքրեթը պատմում է, որ որոշ երեխաներ դպրոց են եկել զոհված զինվորների լուսանկարներով, մյուսները՝ զինվորական համազգեստով։ 


«Գալիս են տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ղեկավարությունը փորձում է գլխից վեր թռչել, ցույց տալ, թե որքան լավ են կազմակերպել ամեն ինչ»,- ասում է ուսուցիչը։
BBC-ի թղթակիցը զրուցել է նաև ադրբեջանցի մի քանի այլ մանկավարժների հետ, որոնք նույնպես խոսել են իրենց դպրոցներում տեղի ունեցած հայրենասիրական միջոցառումների մասին։ Սումգայիթի մանկապարտեզներից մեկում աշխատող Շահնազ անունով դաստիարակի խոսքով, հայրենասիրության դաստիարակության համար առաջադրանքներն ուղարկվում են կրթության նախարարությունից։ Նրանց նախակրթարանում ևս ընդունված է օրը սկսել ատելության մասին վանկարկումով․ «Երեխաներն անգիր գիտեն այս կարգախոսները։ Մեր 2-5 տարեկան երեխաներն ամեն ինչ հասկանում են, մեծ խմբերը շատ լավ հասկանում են»։ Նա ոչ մի վատ բան չի տեսնում նման դաստիարակության մեջ և նույնիսկ հպարտանում է։


Սումգայիթի վարժարանի գրականության ուսուցչուհի Եգյանա Սամադովան ասում է, որ «հայրենասիրության քարոզչության հետ կապված որոշ տեքստեր» ներառված են պարտադիր ծրագրում, իսկ մյուս աշխատանքները ընտրում են իրենք՝ երեխաները, օրինակ՝ կազմակերպում են կինոդիտումներ, հետո քննարկում։  Սամադովան ասում է, որ «հայրենասիրություն դաստիարակության» վերաբերյալ նյութերում չի նշվում, թե կոնկրետ ով է թշնամին, և հավելում է, որ «ուսանողների մեջ ատելություն է սերմանվում ոչ թե թշնամու, այլ թշնամու դաժանության հանդեպ»։


BBC-ն նկատում է, որ Ադրբեջանի գրականության և պատմության դասագրքերում հայի կերպարը ներկայացված է դաժան ու արգահատելի բնորոշումներով․ օրինակ, գրականության 5-րդ դասարանի համար նախատեսված դասագրքում զետեղված  «Գողը» պատմվածքում նշվում է, որ «հայերը տարիներ շարունակ ադրբեջանցիներից գողացել են ամեն ինչ՝ երաժշտություն, խոհարարական բաղադրատոմսեր, գորգեր և վերջապես Ղարաբաղը»։ Սումգայիթի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ատրաբա Թաղիեւան ասում է, որ «մեկ թշնամի կա, և եթե թշնամու հանդեպ ատելություն չկա, երեխան չի կարող հայրենասեր մեծանալ»։ «Պետք է հաշվի առնել, որ հայերը մեզ հաղթել են պատմության ընթացքում, [...] Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա»,-նշել է պաշտոնյան։ 


«Դպրոցները և մանկապարտեզները եղել և մնում են պետական ​​հայրենասիրություն և թշնամու կերպարներ սերմանող հաստատություններ», - BBC-ի հետ զրույցում ասել է հակամարտություններն ուսումնասիրող ադրբեջանցի սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը: 


Ոչ թե այլատյացություն, այլ՝ գեղարվեստ․ Բաքվի պատասխանը՝ BBC-ին


BBC-ն Ադրբեջանի կրթության նախարարությանը խնդրել է մեկնաբանել ատելության վանկարկումները և վերը նշված օրինակները դասապրոցեսներից և դպրոցական դասագրքերից: Գերատեսչությունում նշել են, որ դա համարում են ոչ թե այլատյացություն, այլ «գեղարվեստական ​​օրինակներ, որոնք արտացոլում են միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում տարվող պայքարը»։




«Հրապարակ օրաթերթ»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր