ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

27 դեկ 2022 14:15

Խաղաղության հաստատումը կարող է լինել միջո՛ց, ոչ թե նպատակ

Ազգային ռազմավարություն է անհրաժեշտ, որը գրելու և կյանքի կոչելու համար պիտի ապահովենք ազգային մարտունակություն. դեկտեմբերի 25-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի 2-րդ տարեդարձին նվիրված հաշվետու միջոցառումը:


Ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց հետպատերազմյան Հայաստանի ու Արցախի վերականգման բանաձևերը։ 


«Անվտանգ, տնտեսապես հզոր ու տեխնոլոգիապես զարգացած գալիք Հայաստանի ու Արցախի պետական շինարարությունը ենթադրում է սկզբունքային շիտակություն և պետությունը քայքայող երևույթների ու դերակատարների նկատմամբ չոր անհանդուրժողական մոտեցում: Այս իմաստով՝ իշխող խունտայի փոփոխությունը համարում ենք անհրաժեշտ հրամայական: Մեր կրեդոն իշխանության համար պայքարը չէ և չի եղել, այլ ազգակործան այս քաղաքականության որմնադիրների իշխանազրկմամբ անվտանգ, խելացի ու ժամանակակից զարգացած պետության ստեղծումը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։


Ելույթի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի ՀԽ նախագահ Սամվել Վարդանյանը։


«Մեծ նպատակներն սկսվում են փոքր քայլերից. միմյանց թև-թիկունք լինելով կկարողանանք իրականացնել  այն մեծ ու հավակնոտ ծրագրերը, որոնք շուտով փոխելու են Հայաստանի տեխնոլոգիական ու տնտեսական դիմագիծը: Տեխնոլոգիական ներդրումների ամենամեծ պորտֆոլիոն կազմող տեխնոպարկի կառուցումն ընթացքի մեջ է»,- ասաց Վարդանյանը։


Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ուղեղային կենտրոն/հիմնադրամի կատարած աշխատանքի մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեց խորհրդանշական իրերի աճուրդ՝ Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռագործ կարպետը, Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաների՝  Կատարո վանքը պատկերող կտավը և հատուկ այս աճուրդի համար՝ Fakejian jewelry-ի 1 օրինակով պատրաստված, Մեծ Հայքի պատկերով արծաթե հուշամեդալը։ 


Աճուրդի ամբողջ հասույթն ուղղվելու է գալիք տարում Genesis Armenia-ի ծրագրերի իրականացմանը։


Genesis Armenia-ն, որպես ուղեղային կենտրոն, անցնող տարում  անցկացրել է ավելի քան 6 տասնյակ խորքային հարցազրույց, տասնյակ բովանդակային ու մասնագիտական քննարկումներ, 2 տասնյակ գիտական ու վերլուծական հոդվածներ հրապարակել, իսկ որպես հիմնադրամ՝ շարունակել  իր գաղափարախոսությունից, առաքելությունից, արժեքային համակարգից և տեսլականից բխող գործունեությունը։


Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր