Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

19 մայիս 2023 11:33

ՌԴ-ի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում հայկական կողմը դրսևորում է ճկուն մոտեցում.«Ամերիկայի ձայն»

Միջազգային մամուլը կրկին ահազանգում է Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին, որը վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է «Ամերիկայի ձայնը»:


2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, տնտեսական ճնշման մի շարք միջոցառումներ իրականացրեց Ռուսաստանի դեմ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից հետո, գրավոր արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին: 2017 թվականին օրենք դարձած «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ակտից բխող պատժամիջոցները, ինչպես նաև արտահանման վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները և նվազեցնում դրա համար Ռուսաստանի ֆինանսական ռեսուրսները, հայտնել են պետքարտուղարությունից:


«Շատ կառավարություններ, ներառյալ Հարավային Կովկասի, պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման վերահսկմանը, և մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ ապահովելու սահմանափակումների պահպանումը, ինչպես դրանք հայտարարվում են»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:


Սակայն միջազգային մամուլը շարունակում է ահազանգել արևմտյան պատժամիջոցների շրջանցմամբ հատկապես ռազմական նշանակության ապրանքների Ռուսաստան ներմուծման մասին, և այդ շղթայում Հայաստանի ու հետխորհրդային մի շարք այլ երկրների ներգրավվածության վերաբերյալ:


American Enterprice Institute հաստատության ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, անդրադառնալով վերջերս Նյու Յորք Թայմսի հրապարակմանը Հայաստանի միջոցով արգելված տեխնոլոգիաների ու չիպերի տարանցմանը դեպի Ռուսաստան, մտահոգիչ է որակում այդ հաղորդումները: Միևնույն ժամանակ, վերլուծաբանը հայտնում է, որ ամերիկյան պաշտոնական շրջանակների իր աղբյուրները վկայում են, որ հայկական կողմը դրսևորում է ճկուն մոտեցում, և վարչակազմը դժգոհություններ չունի, թե ինչպես է Հայաստանը վերահսկում ապրանքները:


«Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Հայաստանն այստեղ ճիշտ է վարվելու, և որ այն ավելի շատ համագործակցում է (ամերիկյան կողմի հետ), քան խոչընդոտում»,- նշել է Ռուբինը:


Հայաստանը, սակայն, հերքում է իր որևէ ներգրավվածությունը այս շղթայում: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում շեշտել է, որ պատժամիջոցները Հայաստանի կարմիր գիծն են, որի մասին շատ հստակ ասվել է ռուսական կողմին:


«Պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել: Համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջինիս շրջանում»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է վարչապետ Փաշինյանը հարցազրույցում:


Ամերիկյան հայտնի Wall Street Journal թերթն այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն: Ըստ պարբերականի՝ Հայաստանի կառավարության խոսնակն ասել է, որ երկիրը «ներքաշված չէ ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որևէ գործընթացում կամ գործողության մեջ»։ Նա հավելել է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ, և որ իշխանությունները քննարկել են այդ հարցը ԱՄՆ-ի հետ։


Այդ նույն հրապարակման մեջ, սակայն, Wall Street Journal-ը պնդում է, որ «ԱՄՆ-ի և Եվրոպական Միության զգայուն, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ կտրուկ աճել է 2022 թվականին»: ՄԱԿ-ի առևտրային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանատիպ աճ է արձանագրվել այս երկրների կողմից դեպի Ռուսաստան այդ ապրանքների առաքման հարցում, նշել է թերթը:


Ըստ պարբերականի՝ «ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան անցյալ տարի հասել է մինչև 24,3 միլիարդ դոլար՝ 2021 թ-ի՝ 14,6 միլիարդ դոլարի փոխարեն: Այս երկրները միասին անցյալ տարի ավելացրել են իրենց արտահանումը դեպի Ռուսաստան մոտ 50 տոկոսով՝ այն հասցնելով մոտ 15 միլիարդ դոլարի»:


Wall Street Journal-ը ընդգծում է, որ զգալի չափով աճել է Հայաստանի ու Արևմուտքի միջև երկակի նշանակության ապրանքների առևտուրը: «ԱՄՆ-ը և ԵՄ-ն անցյալ տարի Հայաստան են արտահանել ավելի քան 8,5 մլն դոլարի ինտեգրալ սխեմաներ, որը 16 անգամ ավել է, քան 2021 թվականին արտահանված 530 հազար դոլարի ապրանքը, ըստ ՄԱԿ-ի տվյալների»։ Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան դրանց արտահանումը 2021 թվականին 2000 դոլարից հասել է 13 միլիոն դոլարի։


Նույնանման պատկերը Wall Street Journal-ը արձանագրում է հետխորհդային այլ երկրներում ևս, ներառյալ Ղազախստանում, Վրաստանում, Ղրղզստանոււմ ու Ուզբեկստանում:


Նման տեխնոլոգիաները չափազանց կարևոր են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի համար, Wall Street Journal-ին ասել են փորձագետները։ Ռուսաստանն ունի արևմտյան բաղադրիչները սեփական արտադրանքով փոխարինելու սահմանափակ հնարավորություններ։


«Էլեկտրոնային սարքերը անհրաժեշտ են ամենուր՝ ինքնաթիռների և թեւավոր հրթիռների արտադրությունից մինչև զրահատեխնիկայի և տանկերի հրամանատարության, կառավարման և կապի համակարգեր», - ասում է Ռուսաստանի ռազմական գծով փորձագետ և Թաֆթս համալսարանի վերլուծաբան Պավել Լուզինը, ըստ պարբերականի:


Wall Street Journal-ը հայտնել է, որ Վաշինգտոնում գործող Silverado Policy Accelerator-ի գործադիր տնօրեն Սառա Ստյուարտը, ով վերլուծում է ռուսական առևտրի տվյալները, այս առիթով պնդել է. «Ռուսաստանի շարունակական հասանելիությունը այդ ապրանքներին, ներառյալ ուղին փոխած արտասահմանյան ապրանքատեսակներին, որոնց նկատմամբ գործում է արգելք ՌԴ դրանք արտահանելու համար, ավելի շուտ սնուցում է, այլ ոչ թե խափանում Ռուսաստանի պատերազմական ջանքերը»:


Այս աճող առևտրային հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է Wall Street Journal-ը:


«Շատ կասկածելին է, որ պատժամիջոցների ավելացումից հետո հանկարծ աճում է այդ ապրանքների արտահանումը Կենտրոնական Ասիա և Կովկաս»,- Wall Street Journal-ին ասել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Բիետա Ջավորչիկը:


Ըստ Wall Street Journal-ի հրապարակման՝ եվրոպական պատժամիջոցների վերջին առաջարկված փաթեթում, որը պետք է հաստատվի անդամ երկրների կողմից, Եվրահանձնաժողովն առաջին անգամ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ուզբեկստանից երկու ընկերությունների և Հայաստանից՝ մեկ ընկերության հանդեպ՝ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր