Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

01 հուլ 2023 12:10

Հայերն սկսել են օգտագործե՞լ ադրբեջանական սահմանակետը. Ղարաբաղահայերը, ովքեր պատրաստվում են անցնել ադրբեջանական անցակետով, կանգնած են բարդ ընտրության առաջ

eurasianet.org-ը «Ղարաբաղ. հայերն սկսել են օգտագործե՞լ ադրբեջանական սահմանակետը» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Ադրբեջանը ապրիլի 23-ին տեղադրեց իր սահմանային անցակետը Լաչինի միջանցքում, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները կոչ արեցին իրենց քաղաքացիներին զերծ մնալ այն օգտագործելուց, քանի որ «անհնար է համապատասխան անվտանգություն ապահովել»՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ բռնությունների մասին լուրերը: Նշենք, որ առաջին մի քանի շաբաթներին հսկիչ անցակետը հատել են քիչ թվով քաղաքացիական անձինք։


Նրանք, ովքեր համարձակվել են դա անել, արել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և վտանգի են ենթարկվել նկարահանվելու, որն այնուհետև հեռարձակվել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ՝ որպես Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու ղարաբաղցի հայերի պատրաստակամության ապացույց։ Անցակետի տեղադրումից երկու ամիս անց էլ ադրբեջանական լրատվամիջոցները դեռևս տարածում են նման տեսանյութեր, որոնց նպատակն է ցույց տալ ադրբեջանցի սահմանապահների մեղմ վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Հետո հունիսի 2-ին ԼՂՀ տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվել է, որ անցակետի ցանկացած օգտագործում «չի կարող մեկնաբանվել որպես գործողություն, որը օրինականացնում է Ադրբեջանի անօրինական վերահսկողությունը», և չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացվել է: Հայտարարության էությունն այն էր, որ ղարաբաղցի հայերին թույլատրվում է օգտվել սահմանային անցակետից։ Մի քանի օր անց հրապարակվեցին կադրեր, որտեղ իբր պատկերված էր, թե ինչպես են հայերն առաջին անգամ անցնում անցակետը առանց ռուս խաղաղապահների ուղեկցության։


Իսկապես, տեսանյութում երևում էր հայկական համարանիշներով ավտոբուս, սակայն ղարաբաղցիներից շատերը թերահավատորեն են վերաբերվում նման տեսանյութերի իսկությանը, քանի որ հայտնի է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խմբագրում են տեսանյութերը` թաքցնելով կադրում հայտնված ռուսական բեռնատարները: Անկախ նրանից՝ մարդկանց ուղեկցում են ռուս խաղաղապահներ, թե ոչ, հայերի մուտքը տարածք խստորեն վերահսկվում է Ադրբեջանի կողմից և կախված է նրանց գրանցման վայրից։ Հունիսի 13-ին Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել էր, որ ինքը տեղյակ է երեք դեպքի մասին, երբ բժշկական պատճառներով տարածաշրջանը լ քած մարդկանց չեն թողել մուտք գործել, քանի որ նրանց փաստացի բնակության վայր է նշված եղել ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ Հայաստանը:


Ապրիլին բնակիչների սկզբնական արձագանքը անցակետին կոշտ էր, անգամ մայրաքաղաք Ստեփանակերտի մուտքի մոտ բողոքի ակցիա էր եղել «Անցակետը մեզ համար կարմիր գիծ է» և «Չենք հաշտվի, չենք անցնի» կարգախոսներով: Սակայն վերջին վեց ամսվա ընթացքում մարդկանց մուտքն արտաքին աշխարհ խիստ սահմանափակվել է, և նրանցից շատերը դժկամությամբ, բայց ստիպված են եղել օգտվել սահմանային անցակետից (անցակետը տեղադրվել է շրջափակման մեկնարկից չորս ամիս անց, որն ի սկզբանե կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ «էկոակտիվիստների» օգտագործմամբ)։ Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերին զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղի տեղական լրատվամիջոցները հունիսի 9-ին հրապարակել են հաղորդում, որ նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական սահմանային անցակետով 150 խաղաղ բնակիչ է տեղափոխվել Հայաստան, իսկ Հայաստանից դեպի Ղարաբաղ՝ 160–ը:


Ինչքան աճում է անցակետերից օգտվելու պատրաստակամությունը, այնքան մեծանում է սոցիալական ճնշումը նրանց վրա, ովքեր որոշում են դա անել: Հայկական ծագումով ռուս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, որը կարճ ժամանակ աշխատել է որպես Ղարաբաղի պետնախարար և այժմ բացահայտ քննադատում է թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի իշխանություններին, դեմ է արտահայտվել անցակետի օգտագործմանը։ Հունիսի 6-ին նրա հիմնադրած «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժումը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իշխանություններին վերանայել միջանցքով անցումը թույլատրելու իրենց որոշումը՝ այն անվանելով «կարմիր գծի խախտում»։ Հայտարարության մեջ նաև կոչ է արվել իշխանություններին զերծ մնալ «առանց հանրային քննարկման, առանց այդ որոշումներից բխող վտանգները քննելու ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ կայացնելուց»։ Հունիսի 13-ին Վարդանյանը Twitter-ի իր էջում գրել էր, թե՝ «մեզ ասում են, որ այլ ելք չունենք, քան օգտագործել Ադրբեջանի կողմից ստեղծված անցակետը», և հավելել, որ՝ «բարեբախտաբար, Արցախում քչերն են կիսում այդ տեսակետը»։


Սահմանը հատելու հարցը սոցիալական ցանցերում բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել։ Ստեփանակերտի բնակիչներից մեկն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է սահմանը հատողներին՝ ասելով, որ նրանց գործողությունները հավասարազոր են «պետական մակարդակով Ադրբեջանին ինտեգրվելու ցանկության»։ Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ, որն այժմ ապրում է Երևանում, պատասխանել է. «Կգա մի օր, երբ ես կցանկանամ այցելել Ստեփանակերտ ծնողներիս, կամ ծնողներս կցանկանան ինձ այցելել Երևանում։ Եթե միակ ճանապարհը անցակետով է, ապա չեմ կարող բացառել, որ ես չեմ օգտվի անցակետից»։ «Ինտեգրում» բառը լայնորեն է օգտագործվում ղարաբաղցի հայերի առնչությամբ Ադրբեջանի կողմից քարոզվող պաշտոնական դիսկուրսում։ Բաքուն կարծում է, որ նրանց ճակատագիրը բացառապես իր ներքին գործն է։


Մինչդեռ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձգտում են միջազգային երաշխիքների ստեղծման: Բայց Բաքուն պատասխանում է վերջնագրերով և Ղարաբաղի փաստացի իշխանություններից պահանջում է ցրել ղեկավար մարմինները և խնդրել «համաներում»։ Ղարաբաղահայերը, ովքեր պատրաստվում են անցնել ադրբեջանական անցակետով, կանգնած են բարդ ընտրության առաջ. մի կողմից՝ անվտանգության մտահոգությունն է և հետ չթողնելու վտանգը, գումարած բազմաթիվ հայրենակիցների դատապարտումը, որին նրանք կբախվեն այդ դեպքում: Իսկ մյուս կողմից՝ այլ կերպ անհնար է վերամիավորվել այն սիրելիների հետ, որոնց վաղուց չեն տեսել, քանի որ նրանք հայտնվել են ուղեփակոցի մյուս կողմում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր