Երաժշտություն կարող եք լսել նաև առողջությունն ամրապնդելու, արագ ապաքինվելու համար

Երաժշտությունը պատմում է ինչ-որ բան և այդ կերպ կառավարում էմոցիաները։ Պարզվում է՝ երաժշտությունը ազդեցություն է ունենում ինչպես հոգեկան, այնպես էլ մարմնական վիճակի վրա։ Օրինակ, նվազեցնում է սթրեսը, ամրապնդում՝ իմունիտետը, կանխարգելում՝ դեպրեսիան, նպաստում է աշխատունակության բարելավմանը, ներգործում է սրտի զարկերի, շնչառության, տրամադրության վրա։
Հետազոտություններով հաստատվել է, որ երգելու կամ երաժշտություն լսելու ընթացքում հետևյալ հորմոնների՝ դոֆամինի, սերոտոնինի, նորադրենալինի մակարդակը բարձրանում է։ Իսկ դա նշանակում է, որ երաժշտությունը կարողանում է առաջացնել դրական հուզական այնպիսի վիճակ, որը նպաստավոր է հիվանդությունների զարգացումն արագացնող գործոնների նվազեցման համար։
Հոգեբանության մեջ երաժշտությունն օգտագործվում է որպես թերապևտիկ միջոց և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ աշխատանքում։ Կիրառելի է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան խնդիրների հաղթահարման ժամանակ։
Օրինակ, հայտնի է, որ հատկապես դասական երաժշտությունը ամրապնդում է հիշողությունը, ակտիվացնում է ուշադրությունը, երևակայությունը, իհարկե, կանոնավոր լսումների դեպքում։ Նաև կան տվյալներ, որ դասական երաժշտությունը ընդունակ է թուլացնել ֆիզիկական ցավը։ Այսպիսով, մարդիկ երաժշտություն կարող են լսել ոչ միայն գեղագիտական ապրումների, այլ նաև առողջությունն ամրապնդելու, արագ ապաքինվելու համար։
Դժվար է պատկերացնել կյանքն առանց երաժշտության:
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com