Թրամփի վարչակարգի համար մեծ ազդեցություն ունի հրեական լոբբին
Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանն անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից միակողմանի Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալուն և թե, ի՞նչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում:
Գոհար Իսկանդարյանի կարծիքով այս գործելաոճով ԱՄՆ-ն թեժացնելու է իրավիճակը. «2015 թվականին ՄԱԿ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան կարողացան Իրանին նստեցնել մի սեղանի շուրջ, համալիր գործողությունների համատեղ ծրագիրը ստորագրել տալ, որը համարվում է միջուկային ծրագիր: Երբ ԱՄՆ-ում Թրամփն ընտրվեց նախագահ, նա հայտարարում էր, որ այդ պայմանագիրը ամենավատ գործարքն է, որը պետք է վերանայել, քանի որ այն ԱՄՆ-ի շահերից չի բխում, և ինչպես միշտ, Թրամփը ինչ ասաց, այն էլ իրականացրեց»,- ասաց նա:
Ըստ Գոհար Իսկանդարյանի՝ Թրամփի վարչակարգի համար մեծ ազդեցություն ունի հրեական լոբբին. «Խնդիրն այնքան էլ Իրանի միջուկային հարցը չէ, քանի որ այն, ինչ պահանջել են գերհզոր երկրները, Իրանը կատարում է: Թրամփն ասում է, որ շատ վատ պայմանագիր է այն, և ավելին կարող էին ստանալ Իրանից, մասնավորապես, որ տարածաշրջանային խնդիրներին չխառնվեն, բայց դա ոչ մի կապ չունի միջուկային ծրագրի հետ, ինչը բանակցություններ իրականացնելիս անկեղծ մոտեցում չէ»,- ասաց նա:
Գոհար Իսկանդարյանը նկատեց, որ թեև Եվրոպական երկրները և հատկապես Ֆրանսիայի նախագահը փորձեցին կարգավորել հարաբերությունները և հորդորել Թրամփին մնալ պայմանագրին հավատարիմ և ցանկության դեպքում այլ պայմանագրի շուրջ աշխատել, բայց, այնուամենայնիվ, Թրամփը դուրս եկավ մի ծրագրից, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով հաստատված էր. «Այս հարցն անհասկանալի է դառնում, և վստահության գործոնն է խարխլվում, սա մտահոգության առիթ է տալիս, քանի որ մի վարչակարգ տասը տարի բանակցում է, մեկ այլ վարչակարգ այդ ամենը չեղյալ է հայտարարում: Մի բան հստակ է, որ ԱՄՆ-ը ոչ միայն խստացնում և պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ, այլև, բացի դրանից, տարածաշրջանն ավելի լարված իրավիճակում է հայտնվում. Թրամփի ստորագրած փաստաթղթի ներկը չէր չորացել, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց Սիրիայի իրանական բանակին, իսկ Իրանը՝ իսրայելական կողմին: Իսրայելը հասկանում է, որ իր համար, չակերտավոր ասված, ոսկե դարաշրջան է ստեղծվել, և այն, ինչ փափագում էր այս տարիներին, Թրամփը թույլ է տալիս»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ կարծում է, թե ԱՄՆ-ը կպահպանի մինչ այս ունեցած դիրքորոշումը, քանի որ ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը չի անցնում ԱՄՆ-ի համար ոչ թույլատրելի սահմանը, և խորքային հարաբերություններ չկան. «ԱՄՆ-ն գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետությունը լայն ընտրության հնարավորություն չունի, և արդար չի լինի հավելյալ պատժամիջոցներ կիրառել մի երկրի նկատմամբ, որը լայն հնարավորություն չունի»,-ասաց նա, հավելելով, որ քանի որ ԱՄՆ-ը միայնակ է դուրս եկել Իրանի դեմ, պատժամիջոցներ կիրառելիս իրականացնելու է միայնակ, և եվրոպական երկրների մասին խոսք գնալ չի կարող: