Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 ապր 2019 10:45

Ադրբեջանը ցանկանում է ամբողջ Արցախը և ոչ մի անվտանգության գոտի,պատրաստ չէ կոմպրոմիսային քայլերի .168 ժամ

Ադրբեջանը  ցանկանում է ամբողջ Արցախը և ոչ մի անվտանգության գոտի,պատրաստ չէ կոմպրոմիսային քայլերի .168 ժամ168 ժամ-ը գրում է. «Ադրբեջանն անվտանգության գոտի չի ցանկանում, Ադրբեջանը ցանկանում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային գործընթացի հեռանկարներին և հայկական կողմի կոշտ ռազմական հռետորաբանության պատճառներին։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 29-ին Նյու Յորքում հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկել էր  հայկական բանակին առնչվող տարբեր հարցեր: «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»,- հայտարարել էր Տոնոյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Նա նշել էր նաև, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, հնարավոր են փոխզիջումներ: Տոնոյանն ընդգծել էր, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները. «Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում հույսեր կային, որ Հայաստանը ներքին առումով կթուլանա և կհամաձայնի այնպիսի զիջումների, որոնք թույլ կտան իրեն վերադարձնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը։
Նրա խոսքով, այդպիսի հույսեր ադրբեջանական կողմն ունի նաև այսօր, ուստի պարզապես սպասում է, երկարաձգում է իրավիճակը, սպասում իրավիճակների զարգացմանը՝ ակնկալելով ներքին անկայունություն Հայաստանի Հանրապետությունում։ Եվսեևի գնահատմամբ՝ Ադրբեջանում բավականին ոգևորությամբ ընդունվեց ՀՀ  վարչապետ Փաշինյանի և ԼՂՀ նախագահ Սահակյանի միջև «որոշակի  չհասկացվածությունը», ակտիվ հետևում էին որոշ գործիչների՝ Արցախում անկայունություն ստեղծելու քայլերին, հույսեր կային, որ այդ ամենն ավելի խոր բնույթ կկրի։ Այնինչ, Եվսեևի խոսքով, հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքորոշումը հստակեցվեց այս խնդրով։
«Եթե նախկինում ՀՀ նոր իշխանությունները հույսեր ունեին, որ ուղիղ կապի և նման միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի ինչ-որ խնդիրների լուծում տալ և կարգավորել ԼՂ հակամարտությունը, ապա հասկանալի էր, ինչը նաև ՀՀ իշխանությունը հասկացավ, որ դրանով ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում, և ադրբեջանական կողմը պատրաստվում է հարձակողական գործողությունների։
Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ նաև ներքին ճնշումների ներքո ավելի սուր դիրքորոշում ստանձնել Ադրբեջանի ուղղությամբ, և այդ բանաձևը, որի մասին խոսում եք, ես ավելի վաղ ասել եմ, ասել է նաև Արցախի Պաշտպանության նախարարը՝ ի պատասխան  ադրբեջանական ռազմական գործողությունների պետք է լինեն գրոհային գործողություններ ՀՀ ԶՈւ-ի կողմից։ Այսինքն՝ պետք է համադրել պաշտպանությունն ու գրոհը, այլապես  կշարունակվի տարածքներ պոկելու քաղաքականությունը հակառակորդի կողմից, որը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին, ինչը հանգեցրեց որոշ տարածքային կորուստների։
Ուստի  ներկայումս այդ հայտարարությունները լիովին նորմալ և ընդունելի եմ համարում, դրանք տեղավորվում են այն սցենարի մեջ, որը փորձում է Ադրբեջանն իրականացնել։ Նիկոլ Փաշինյանը գիտակցեց, որ Ադրբեջանի հետ պետք է կտրուկ լեզվով պայմանավորվել, քանի որ նրա մոտ կային հույսեր, որ նոր մարդու հայտնվելը իշխանությանը, որն ուղիղ կապ չունի Արցախի հետ, ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի, կստեղծի հավելյալ հնարավորություններ կարգավորման համար։
Սակայն Բաքվի համար միևնույն է, թե ով է իշխանություն Հայաստանում. Բաքուն ցանկանում է ամեն ինչ, նրանք չեն ցանկանում միայն անվտանգության գոտին, նրանք ցանկանում են ամբողջ Արցախը։ Այդ ընկալումը հասել է Փաշինյանին, որից հետո ակնհայտ դարձավ, որ կարգավորման լուծումներ ներկայումս չեն դիտարկվում։ Չեն դիտարկվում, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ կոմպրոմիսային քայլերի»,- նման տեսակետ հայտնեց իրավիճակի վերաբերյալ Վլադիմիր Եվսեևը։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ առաջիկա կես տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակելու է սպասել, հետևել երկրի ներսում Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը, հետևելու է՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Արցախի կայունությանը։
«Երևի թե կլինեն բանակցություններ զուգահեռաբար՝ Փաշինյանի և Ալիևի միջև։ Բայց եթե նրանք նկատեն, որ իրավիճակն իրենց համար ավելի լավը չի դառնում առաջիկա ամիսների ընթացքում, ապա հնարավոր է իրավիճակի սրում ԼՂ հակամարտության գոտում»,- ասաց Եվսեևը։
Խոսելով բանակցային  գործընթացից և Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայկական կողմի պահանջներից՝ Եվսեևն ասաց, որ բանակցությունները կշարունակվեն, բայց իրատեսական չէ հասնել նրան, որ Ստեփանակերտը վերադառնա բանակցային սեղան։
«Նման հնարավորություն կար 2016 թվականի ապրիլին, սակայն այն կորսվեց։ Սերժ Սարգսյանը պետք է պնդեր Ստեփանակերտի մասնակցությունը՝ որպես հարձակումը դադարեցնելու պայման։ Բայց դա երևի թե չարվեց։ Ներկայումս, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի նստել բանակցությունների Ստեփանակերտի հետ, ցավոք սրտի, նոր  սրացում պետք է լինի։ Այսինքն՝ Բաքուն դրան ներկայումս չի գնա։ Իրավիճակը փակուղային է, բայց հանգիստ պետք է լինել։ Այն, որ տեղի է ունեցել դիրքորոշման կոշտացում, բնական է։ Ես կողմնակից եմ նման կոշտացման, շատ լավ է, որ երկրի նոր ղեկավարությունը դա գիտակցեց, որպեսզի չլինեն նոր ոտձգություններ։ Խնդիրն այն է, որ հայկական կողմը երկու ուղղությամբ պետք է գործի. մի կողմից՝ շարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ ամրապնդի  ղարաբաղյան շփման գիծը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր