Հանգստից հետո ինչպե՞ս առանց դժվարությունների վերադառնալ աշխատանքային գործունեությանը
Մարդկանց
հաճախ է հետաքրքրում, թե ինչպես հանգստից հետո
առանց նշանակալի դժվարությունների վերադառնալ աշխատանքային գործունեությանը:
Բնականաբար,
բոլորս էլ գիտենք, որ հանգստանալու շրջանում օրգանիզմի ինչպես կենսաբանական, այնպես
էլ հոգեբանական ռիթմերը փոխվում են: Հետևաբար դժվարանում է միանգամից աշխատանքային
ռիթմին անցնելու պրոցեսը, որի համար էլ օրգանիզմին ժամանակ է պետք, այլ կերպ, ասում
ենք ադապտացիայի շրջան` փոփոխություններին հարմարվելու համար:
Իհարկե, տարբեր մարդկանց
մոտ տարբեր է հանգստից աշխատանքին անցնելու ընթացքը:
Ոմանք
արագ և հեշտությամբ ներգրավվում են աշխատանքային գործունեության մեջ, ոմանք` փոքր-ինչ
դժվարություններով, մյուսներն էլ` երկար ժամանակ չեն կարողանում լիարժեք ինտեգրվել
աշխատանքային պրոցեսին:
Այստեղ,
անշուշտ, որոշ գործոններ իրենց դերակատարումն են ունենում` արձակուրդի տևականությունն ու որակը, անձի առանձնահատկությունները,
աշխատանքի կամ մասնագիտության հանդեպ վերաբերմունքը:
Գիտնականների
հավաստմամբ, հանգստի օպտիմալ ժամանակահատված է համարվում 21 օրը:
Պարզվում է` երեք շաբաթից ավելի կամ
պակաս տևողությամբ հանգիստը բացասաբար է անդրադառնում աշխատունակության, տրամադրության,
ուշադրության կենտրոնացման, կատարողականության վրա: Հետարձակուրդային համախտանիշի դեպքում
սովորաբար զգում են թուլություն, նյարդայնություն, գերակշռում է անկումային տրամադրությունը, ունենում
են ախորժակի և քնի խանգարումներ, առօրյա գործերը անիրագործելի են դառնում կամ չափազանց
դժվարությամբ են կատարվում, առաջանում են անգամ աշխատանքը թողնելու մտքեր:
Եվ պատահական
չէ, որ նրանք, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, մասնագիտությունը, դրական հարաբերություններ
ունեն կոլեկտիվում, ապա հեշտ են հարմարվում աշխատանքային բնականոն ռիթմին:
Հետարձակուրդային
ոչ ցանկալի դրսևորումները նվազեցնելու համար.
-Պլանավորեք աշխատանքային օրը, աստիճանաբար
անցեք ծանրաբեռնված և ինտենսիվ աշխատանքային օրակարգին
-Հիշեք աշխատանքի դրական կողմերը,
հաճելի պահերը
-Արտահայտեք արձակուրդից ստացած տպավորությունները
և էմոցիաները ընկերների, գործընկների հետ զրույցի ընթացքում
-Վերականգնեք քնելու, սնվելու ռեժիմը
-Ապահովեք ամենօրյա զբոսանքներ, ֆիզիկական
վարժություններ
-Ակտիվացրեք որևէ նոր նախասիրություն:
Եթե արձակուրդից հետո աշխատանքային գործունեությանը
հարմարվելու դժվարությունները շարունակվում են երկու շաբաթից ավելի տևականությամբ,
ապա ցանկալի է դիմել հոգեբանի աջակցությանը:
Հոգեբանական
գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյան
Hayacq.com