Թե ի՞նչ տեղի կունենա ընտանիքում, որտեղ 24 ժամ միասին են, կախված է յուրաքանչյուրից
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, հանրության շրջանում ի հայտ եկած հոգեբանական հարցերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Խոսենք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հանրության շրջանում ի հայտ եկող հոգեբանական խնդիրների մասին:
-Սկզբնական շրջանում ակտիվ կենսակերպից մեկուսացման ռեժիմին անցնելու հարմարման դժվարություններն էին, նաև տագնապի դրսևորումներ, որոնք, ի դեպ, բնական են, նորմալ են:
Ցանկացած փոփոխություն առաջացնում է անհանգստություն, որը կարող է կարգավորվել տվյալ իրավիճակի մասին գրագետ ինֆորմացիա ստանալով: Եվ այդպես էլ եղավ: Հակառակ դեպքում, տագնապը կարող էր վերածվել խուճապի:
Կարծում եմ համավարակով պայմանավորված մեկուսացումը հոգեբանական դրական կողմ ունեցավ` զարգացնելով համբերատարություն, կարգապահություն, ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու, երեխաների հետ շփվելու հնարավորություն, նաև ինքներս մեր ժամանակը կառավարելու ինքնուրույնություն, երբևէ բացթողնված հետաքրքրությունները բավարարելու անհրաժեշտություն (գիրք կարդալ, ֆիլմ դիտել, ստեղծագործել և այլն):
Սոցիալական անմիջական շփումների սահմանափակումը ինքնակենտրոնացման մարտահրավեր նետեց. սեփական ներաշխարհը ճանաչելու, այնտեղ թաքնված խնդիրները վեր հանելու, հաղթահարելու, ինչու չէ` նոր ռեսուրսներ բացահայտելու ուղղությամբ:
-Հնարավոր համարո՞ւմ եք այն, որ երկար ժամանակ մնալով տանը ընտանիքներում մեծանան կոնֆլիկտները։
-Հնարավոր է նաև ամրապնդվեն հարաբերությունները: Թե ի՞նչ տեղի կունենա ընտանիքում որտեղ 24 ժամ միասին են, կախված է յուրաքանչյուրից, նաև հարաբերությունների և՛ ներկայիս, և՛ անցյալում ունեցած որակից: Եթե նախկինում կուտակված, չլուծված խնդիրներ կան, ապա հնարավոր է այսպիսի պայմանները նպաստեն դրանց ակտիվացմանը և «պոռթկմանը»:
Մյուս կողմից, չի բացառվում, որ այս օրերի զրույցները, չհասկացված հարցերի լուսաբանումները օգնեն ընտանեկան մթնոլորտի դրականացմանը, հարաբերությունների վերագնահատմանը:
-Ինչպե՞ս պայքարել նեգատիվ դրսևորումների դեմ:
-Բացասականը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է պլանավորել օրը, պահպանել որոշակի ռեժիմ (քնելու, սնվելու, ֆիզիկական ակտիվության), գտնել հաճելի զբաղմունքներ, հաճախ օգտակար է որևէ նախասիրության ակտիվացումը, առավել ևս, եթե նախկինում ցանկացել եք, բայց ժամանակը չի բավականացրել այն իրագործելու համար: Նաև ցանկալի է զերծ մնալ տեղեկատվությանը անընդհատ հետևելուց:
-Արդյո՛ք կարելի է պնդել, որ համավարակը ստիպել է մարդկանց հեռանալ իրարից ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն:
-Հնարավոր է, այո՛: Ժամանակավոր հեռացումը օգնում է տեսնել և գնահատել այն, ինչը սովորական էր դարձել, կամ գուցե մոտիկից նկատելի չէր: Եվ այս ժամանակահատվածում ընթացող վերաիմաստավորումը որակական նոր մակարդակի մեկնարկ կապահովի մարդ-մարդ հարաբերություններում:
-Երկարատև կարանտինային այս անբնական վիճակից հետո արդյո՞ք հեշտ կլինի հարմարվել բնականոն կյանքի ռիթմին:
-Ինչպես գիտենք, ցանկացած փոփոխություն, ժամանակ է պահանջում մարդուց՝ հարմարվելու համար: Այդպես կլինի նաև այս փուլից բնականոն առօրյային անցնելու ընթացքում: Իհարկե, ոմանք հեշտությամբ, արագ կհամալրվեն ակտիվ կենսակերպին, ոմանք` ավելի դանդաղ, գուցե որոշ դժվարություններով: Դերակատարում կարող են ունենալ անձնային առանձնահատկությունները, գործունեության հանդեպ վերաբերմունքը, հոգեվիճակը, այս փուլից ձեռքբերված գիտելիքները, վերլուծությունները, եզրակացությունները: