Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 հոկ 2020 12:13

Բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն կա, որ չի բացառվում՝ ուղիղ հարված լինի բժշկական ենթակառուցվածքին

Հայաստանի առողջապահական համակարգը հիմա բաժանված է երեք հիմնական մասի՝ սովորական առողջապահական համակարգ, որ խաղաղ ժամանակ աշխատում է, կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգ, քաղաքացիական և զինվորական վիրավորներին բուժօգնություն ցույց տվող համակարգ: Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Այս կոնֆլիկտը առողջապահական համակարգի վրա բեռ է նաև նրանով, որ նման պանդեմիայի շրջանում նման սրացում, ագրեսիա է տեղի ունենում բնակչության նկատմամբ, և դա այն դեպքում, երբ բոլոր միջազգային կազմակերպությունները դեռ շատ վաղուց կոչ էին արել բոլոր կողմերին զերծ մնալ բոլոր սրացումներից, մինչև այս գլոբալ մարտահրավերի դեմ ամբողջ մարդկությունը կպայքարի»,-ասաց նախարարը:


Նա կարևորեց հանգամանքը, որ Արցախի՝ ամբողջությամբ մոբիլիզացված բժշկական համայնքն ու ՀՀ-ից նրանց օգնության մեկնած գործընկերները երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերել, որովհետև Ստեփանակերտը կամ այլ քաղաքներ գտնվում են ռմբակոծության տակ, և նույնիսկ շտապ օգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել:


«Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունները՝ մեր բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն կա, որ չի բացառվում՝ ուղիղ հարված լինի բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,-ասաց Թորոսյանը՝ նշելով, թե ականատես է եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հիթիռային հարվածին, որը կարող էր նաև հարվածել հենց հիվանդանոցին:


Հարցին՝ վիրավորումներն ինչ աստիճանի են և արդյոք բժշկական հաստատությունները հագեցա՞ծ են համապատասխան պարագաներով, Թորոսյանը պատասխանեց, որ այս պատերազմի ժամանակ ստացված վիրավորումների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 100 տոկոսը, ականապայթյունային վիրավորումներ են:


«Մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ են, և հենց այդ բեկորներն են կամ պայթյունի ուղիղ ուժը, որ առաջացնում են վիրավորումը, կամ, դժբախտաբար, նաև մահը: ԱՀ թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղորայքներով, բժշկական պարագաներով, սարքերով, ինչպես նաև արյան պաշարներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մատակարարումներն արվում են անխափան:


Նա նշեց, որ շուտով լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել վիրավոր զինծառայողների գտնվելու վայրը, վիճակը: «Վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության են, ունենք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ, որոնք ընդհանուր վիրավորների թվի մեջ ավելի փոքր տոկոս են կազմում, սակայն պահանջում են առավել ուշադրություն, և հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների և անձնակազմի ամենամեծ ուշադրությունը, որ կյանքին վտանգ չսպառնա, և փրկվեն»,-ասաց նա:


Թորոսյանը նաև նշեց, թե իրենց տեղեկատվությամբ՝ առավոտյան կրկին սկսել են ռմբակոծությունները, և օդային տագնապներ են տրվել: «Մենք առնվազն բժշկական ծառայություններ ապահովելու, բնակչության անվտանգության մասով որևէ տարբերություն չենք տեսնում երեկվա և այսօրվա միջև»:


Անդրադառնալով ՌԴ վարչապետի՝ ՀՀ այցելելու մասին խոսակցություններին՝ Թորոսյանը նշեց, որ ՌԴ վարչապետը դեռ չի այցելել ՀՀ, պարզապես հոկտեմբերի 8-9-ը նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, որը շատ վաղուց պլանավորված է եղել, և ՌԴ վարչապետի այցը նախատեսված է 8-ի երեկոյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր