Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

21 նոյ 2020 14:24

Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու լուրջ պատճառներ ուներ.նա պատերազմի դադարեցմանն ունակ միակ տերությունն էր

Ռուսաստանը միակ տերությունն էր, որ կարողացավ դադարեցնել այն, ինչը կարող էր վերաճել վտանգավոր տարածաշրջանային բախման, Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին գրում է New York Times-ը։


«Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի հանդեպ Արեւմուտքի ներկայիս թշնամանքը, գայթակղություն է առաջանում Ռուսաստանի գործողությունները պատկերել որպես ընկած կայսերական լորդի, որը փորձում է որոշակի չափով վերականգնել իր վերահսկողությունը նախկին վոտչինաների վրա, ինչպես եղավ Ուկրաինայի արեւելքում կամ Վրաստանի հյուսիսում։ Սակայն փաստը մնում է փաստ․ Ռուսաստանը եղավ միակ տերությունը, որ կարողացավ դադարեցնել այն, ինչը կարող էր դառնալ վտանգավոր տարածաշրջանային բախում։


Հայկական մեծ եւ ազդեցիկ սփյուռքով Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Ռուսաստանի հետ Մինսկի խմբի մեջ են, որին հանձնարարված էր գտնել երկարաժամկետ լուծում։ Սակայն նրանք չկարողացան հասնել հաջողության, եւ երբ սկսվեցին ներկայիս ռազմական գործողությունները, Միացյալ Նահանգները զբաղված էր նախագահական պայքարով, իսկ Ֆրանսիան առանց Ամերիկայի հնարավորություն չուներ հասնելու հրադադարին։


Ռուսաստանը, հակառակը, պատերազմը դադարեցնելու լուրջ պատճառներ ուներ։ Նա երկու երկրների զենքի մատակարարն է եւ Հայաստանի հետ դաշնակցությամբ է կապված։ Ադրբեջանին հարձակման գործում ակտիվորեն աջակցում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իսկ Պուտինը շահագրգռված չէր Թուրքիայի հետ նոր առճակատմամբ, քանի որ նրանց ծրագրերը Սիրիայում բաժանվել էին։ Գործարքը, որն առաջ էր մղում Ռուսաստանը, իր լայն պարամետրերով միակ հնարավորն էր, որ արդյունավետորեն ճանաչում էր Ադրբեջանի հաղթանակը՝ նրան թույլ չտալով նվաճել Լեռնային Ղարաբաղը կամ մարտերի մեջ ներքաշել ռուսական ուժերը։


Բացի վտանգավոր հրդեհը մարելուց եւ իր նախկին հողերում շարունակվող ազդեցության ցուցադրումից, Ռուսաստանը չկարողացավ հավակնել անվերապահ հաղթանակի։ Մոսկվան հիմա հանձնառու է նվազագույնը 5 տարի գրեթե 2000 մարդ թվաքանակով խաղաղապահ ուժեր պահելուն այն անկայուն անկյունում, որ ռուսներն անվանում են իրենց «մերձավոր արտասահման», եւ ստիպված է գործ ունենալ Թուրքիայի հետ, որը պատրաստվում է մեծացնել իր կշիռը՝ հատկապես Ադրբեջանում իր թյուրք (եւ նավթով հարուստ) զարմիկների շահերի շրջանակում։


Միացյալ Նահանգները եւս տոնելու ոչ մի բան չունի։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, ինչպես նաեւ ադրբեջանական նավթի, հակամարտության գոտու կողքից անցնող նավթատարների կարեւորությունը, Իրանի մերձավորությունը, Ամերիկայում հայկական սփյուռքի մեծաթիվությունը, հակամարտության մեջ իսրայելական անօդաչուների օգտագործումը եւ Ռուսաստանին հավասարակշռելու անհրաժեշտությունը՝ Միացյալ Նահանգները իր եվրոպացի գործընկերնեի հետ պետք է լիներ խաղաղապահության ավանգարդում։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն իսկապես երկու կողմերին կանչեց Վաշինգտոն։ Բայց կրակի դադարեցումը, ինչի մասին նա հայտարարեց, անմիջապես խախտվեց, ինչը դարձավ աշխարհում Թրամփի վարչակազմի հեղինակության կորստի ցուցանիշը։


Մարտերը դադարել են։ Բայց տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական փոխդասավորությունը բանակցությունների միջոցով խաղաղությունն է՛լ ավելի անհրաժեշտ է դարձնում, իսկ Ամերիկայի մասնակցությունը է՛լ ավելի կարեւոր։ Սա այն տարածաշրջանը չէ, որը Միացյալ Նահանգները կարող է թողնել Պուտինի կամ Էրդողանի մեքենայությունների պատճառով։ Մինսկի խումբը դեռեւս օժտված է ԵԱՀԿ մանդատով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծումը գտնելու համար։ Այս անգամ ողջամիտ կլիներ չսպասել  բռնության հաջորդ գալարին»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր