Հասկանալի չէ Մովես Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու շարժառիթը
![](https://mamul.am/images/photos/201127/nikol-phashinyany-inchpes-mish-n196108-1.jpg)
Հետաքրքիր է՝ ինչի՞ց է Մովսես Հակոբյանը ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի կամավորականներին, երբ ապրիլի 13-ին ԱԺ-ում իր հայտարարության մեջ հստակ նշել է՝ բանակում:
Հիշեցնենք, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ընդհանուր զորահավաք, որը ենթադրում էր պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ: Գուցե նրանց շրջանո՞ւմ է եղել այս խնդիրը:
Ի դեպ, մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ժամկետայինների շրջանում անգամ նման խնդիր եղել է: Օրինակ, «Առավոտի» հետ զրույցում ժամկետային Իշխան Մանուկյանի մայրը պատմել էր, որ «18-ամյա երեխեքը` երկու ամսվա ծառայող, զրահաբաճկոն չունեին, ասել էին՝ հրետանավորներին չի հասնում»:
forrights.am-ը ևս նման մի նյութ էր հրապարակել, որտեղ պատմում է, որ պատերազմում զոհված Իլյա Հակոբյանը «ո՛չ կասկա է ունեցել, ո՛չ զրահաբաճկոն»: Պատերազմի առաջին օրերին նա եղել է Հադրութում, որտեղ մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության: 1,5 ամսվա ծառայող է եղել: Այնուհետ, երբ թշնամին ռմբակոծել է զորամասը Իլյան ծառայակիցների հետ տեղափոխվել է Մարտունի:
Նման դեպքեր, թերևս, էլի եղած կլինեն:
Ըստ այդմ՝ հասկանալի չէ Մովես Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու շարժառիթը:
Ի վերջո, հարկ եղած դեպքում Փաշինյանն իրեն կարողանում է պաշտպանել, համենայնդեպս, փաստեր գտնում է արդարանալու և մանևրելու:
Մովսես Հակոբյանը հուշո՞ւմ է:
Իսկ այն, որ կամավորական ջոկատները մեծ վնաս են հասցրել, ինչպես նշում է գեներալը, դրանում ոչ մի կասկած, բայց սա այլ խոսակցության թեմա է:
Ի դեպ, նշենք, որ Մովես Հակոբյանը մի քանի անգամ ողջունել է Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ պաշտոնում նշանակումը՝ պնդելով, որ պաշտպանության նախարարի համար ռազմական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ, որ գործող Կառավարության անդամներից լավագույն թեկնածուն է, որ Պապիկյանը որոշակի ադեկվատ գործողություններ կնախաձեռնի Պաշտպանության նախարարությունը կարգի բերելու համար:
Գուցե ՊՆ-ն կարգի բերելը ռազմական ոլորտից հեռու, տակավին երիտասարդ կամ իրենց դարն ապրած խորհրդականների, օգնականների նշանակու՞մն է՝ ԽԾԲ սկզբունքով…
Մարիամ Պետրոսյան
Նյութի աղբյուր՝ 168.am