Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

13 մայիս 2023 14:30

Քըլըչդարօղլուն ձայներ ստանալու համար ակնարկներ է անում Ալիևին․Նախընտրական սովորական բլե՞ֆ, թե զգուշացում Ադրբեջանին

Տարածաշրջանային խոշոր նախագծերի կյանքի կոչման թեման ներկա պայմաններում հաճախ է դառնում ինչպես միջազգային, այնպես էլ ներքաղաքական ակտիվ քննարկումների թեմա։ Ընդ որում, կոնկրետ պայքար է ընթանում, թե ինչ ուղղություններով պետք է անցնեն հիմնական ճանապարհները կամ հաղորդակցության ուղիները։ Եվ քանի որ Թուրքիան ներկայում գտնվում է խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին, ապա թյուրքական աշխարհը միավորելու և Թուրքիայով դեպի Չինաստան անցնող հիմնական հաղորդակցության ուղիների ստեղծման հարցը դարձել է նախընտրական առանցքային հարցերից մեկը։

Մայիսի 7-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերնագրով տեսանյութ էր հրապարակել Twitter-ում և հայտնել էր, որ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։ Ուշագրավ է, որ, ծրագրի համաձայն, այդ ճանապարհը չի անցնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» և շրջանցելու է Ադրբեջանը։ Ըստ թուրք քաղաքական գործչի, ճանապարհն անցնելու է Իրանով՝ այնտեղից ձգվելով Կենտրոնական Ասիա, ապա՝ Չինաստան։ Հասկանալի է, որ Քըլըչդարօղլուն ունի Արևմուտքի լիակատար աջակցությունը, բայց նրա այս նախագիծը դժվար կարելի է համարել արևմտյան, քանի որ Արևմուտքը բացասական վերաբերմունք ու լարված հարաբերություններ ունի Իրանի հետ։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն փորձում է որոշակի ուղերձ հղել Իրանին, քանի որ այդ երկիրը բազմիցս հայտարարել է, թե դեմ է լինելու «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացմանը։ Իսկ Իրանի գործոնն, ըստ էության, կարող է իր նշանակությունն ունենալ թուրքական ներքաղաքական խմորումներում, քանի որ եթե Թուրքիան փորձի հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ապա կոշտ դիմադրության կհանդիպի Իրանի կողմից։ Եվ նույնիսկ բացառված չէ նաև իրանական կողմի ռազմական միջամտությունը։ Միևնույն ժամանակ, Քլըչդարօղլուն իր այդ նախագծի միջոցով թուրքական հասարակության առավել ադեկվատ հատվածի ձայները ստանալու նպատակի հետ մեկտեղ որոշակի ակնարկներ է անում Ադրբեջանի, մասնավորապես այդ երկրի նախագահ Ալիևի ուղղությամբ, քանի որ վերջինս Թուրքիայում ընթացող նախընտրական գործընթացներում ոչ թե չեզոքություն կամ հավասարակշռություն է պահում, այլ կոնկրետ ստանձնել է Էրդողանի «քարտուղարի» դերակատարությունը։

Բաքվից Էրդողանի օգտին քվեարկելու կոչեր են հնչում, տարբեր հանդիպումներում Ալիևը հաճախ հայտնվում է Էրդողանի կողքին, հատուկ ընդգծվում է նրա օրոք թուրք-ադրբեջանական եղբայրության սերտացումը և Թուրքիայի հատուկ դերակատարությունը Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում։ Բացի այդ, ադրբեջանական մամուլում Քըլըչդարօղլուն առանձնահատուկ թիրախավորվում է որպես ոչ նախընտրելի, թույլ և նույնիսկ, որքան էլ անհեթեթ է հնչում, հայամետ գործիչ։ Ուստի, Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Իրանով անցնող ճանապարհի նախագծի առաջքաշման միջոցով պատասխանում կամ զգուշացնում է Ալիևին, որ իր ընտրվելու դեպքում Ադրբեջանը կարող է կորցնել իր առանցքային նշանակությունը Թուրքիայի համար, եթե այդ երկիրը շարունակի կուրծք ծեծել Էրդողանի համար։ Բայց այս ամենից պետք չէ առանձնապես շատ ոգևորվել, քանի որ Թուրքիայի ընդհանուր քաղաքական գիծը Հայաստանի նկատմամբ հազիվ թե փոխվի։

Ավելին, մեկ ընդդիմադիր գործիչն ընդունակ չէ շրջադարձային փոփոխություն բերել Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում, երբ թուրքական էլիտայի շրջանակներում Հայաստանի հետ կապված կարծրացած մոտեցումներ են առկա։ Բացի դրանից, բազմաթիվ են դեպքերը, երբ նախընտրական խոստումները թեկնածուի ընտրվելու դեպքում արդեն այլ երանգ են ստանում։ Բացառված չէ նաև այն հանգամանքը, որ Քըլըչդարօղլուն ուղղակի նախընտրական բլեֆ է անում։ Բոլոր երկրներում, իսկ Թուրքիայում առավել ևս, ներքաղաքական դաշտում դա սովորական երևույթ է։ Եվ հասկանալի է, որ նույնիսկ ընդդիմադիր թեկնածուի ընտրության պարագայում Թուրքիան սերտորեն կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ՝ չնայած որոշակի սառնություն հնարավոր է նկատվի։

Այս օրերին շատ են վերլուծությունները, թե Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր կամ իշխանական թեկնածուների հաղթանակի դեպքում ինչ դիրքորոշումների փոփոխություն կարող է լինել, բայց մեծ հաշվով պարզ է, որ Անկարան շարունակելու է իր թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ և փորձելու է նախապայմանների առաջ քաշման միջոցով հայկական կողմից զիջումներ կորզել։
«Փաստ» 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր