Սկսվել է քարոզչություն, որ եթե Փաշինյանը հեռանա, երկրում կլինի քաոս. թե ինչպես կարող ենք երկիրը հանել այս իրավիճակից

Նա նախ ներկայացրել է, թե ինչ վիճակու ունենք այսօր. «44 օր հայ ազգը, բոլոր քաղաքական ուժերը, հասարակական սեկտորի ներկայացուցիչները մտավորականությունը, մեդիան, Սփյուռքը, Արցախը, բոլորով միախմբված վարել ենք պատերազմ: Պատերազմը եղել է սարսափելի:
Ստորագրվել է փաստաթուղթ, որը, ըստ էության, կապիտուլյացիայի ակտ է: Այն հայտարարություն է հրադադարի մասին, որով նաեւ որոշվում է, թե ինչպես է ավարտվում պատերազմը, ով որտեղ է կանգնում, ում ինչ է մնում, եւ ռուսական խաղաղապահ ուժ-երն այս օրերին արդեն տեղակայվում են:
Բացի հումանիտար աղետը, հազարավոր վիրավորները, զոհերի, փախստականները, նաեւ իրավիճակը երկրում լարվում է, որովհետեւ քաղաքական պրոցեսներ չկան: Մենք այդ գիշեր փորձեցինք խորհրդարանի նիստ գումարել, դա չեղավ, ԱԺ-ն չաշխատեց այդ գիշեր, որից հետո տարբեր քաղաքական ուժերի միջեւ տարբեր կոնսուլտացիաներ են եղել, բայց ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ, թե ինչ է պետք անել: Փաշինյանը պետք է հեռանա, բայց հետո ի՞նչ պետք է լինի: Սկսվել է քարոզչություն, որ եթե Փաշինյանը հեռանա, երկրում կլինի քաոս: Ես ուզում եմ տեղեկացնել, որ հիմա քաոս է երկրում:
Շատ վատ փաստաթուղթ է ստորագրվել: Կարո՞ղ էր լինել ավելի վատ, այո, կարող էր: Այս պահին իրվիճակը կարող է հանգուցալուծել միայն իշխանությունը: Դրա համար պետք է պարտության սիմվոլը հեռանա, որովհետեւ եթե չհեռանա անհնար է լինելու երկու կողմերի միջեւ եղած ատելությունը որեւէ ձեւի կառավարել: Լինելու են բախումներ»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա ներկայացրել է իրավիճակից դուրս գալու՝ «Լուսավոր Հայաստանի» կազմած գործողությունների ծրագիրը.
«I. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է։
Խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ։
Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն:
II. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում
III. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։
IV. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում
V. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում։
VI. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։
VII. Զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։
VIII. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։
IX. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում։
X. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:
XI. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:
XII. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:
XIII. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: