Սթրեսի և դիաբետի միջև առկա է պատճառհետևանքային կապ

Հարցազրույց Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Շաքարային դիաբետը որքանո՞վ է կապված
հոգեբանական գործոնների հետ:
-Շաքարային դիաբետը
մտնում է հոգեմարմնական հիվանդությունների «յոթնյակի» մեջ, ինչը հիմնավորում է, որ
հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն շաքարային դիաբետի զարգացման գործում:
Հոգեմարմնական մոտեցման համաձայն, դիաբետի առաջացմանը նպաստում են տևական սթրեսները,
ընտանեկան կոնֆլիկտները, վիրավորանքը, սիրո և ջերմության պահանջմունքների անբավարարվածությունը:
Հուզական ոլորտի նմանատիպ խնդիրները երբ մարդը փորձում է լուծել սննդի միջոցով, սնունդը
դառնում է հաճույքի աղբյուր և նպաստում շատակերությանը, ճարպակալմանը, արյան մեջ շաքարի
ավելացմանը, արդյունքում` շաքարային դիաբետ ախտորոշմանը: Իհարկե, խոսքը գնում է երկրորդ
տիպի դիաբետի մասին:
-Նշեցիք հուզական ոլորտի մասին, արդյոք դեպրեսիան դեր ունի՞ շաքարային դիաբետի դեպքում:
-Համաշխարհային
հոգեբուժական ասոցիացիայի տվյալներով, դիաբետով պացիենտների շրջանում դեպրեսիայի կլինիկական
ախտանշանները կազմում են 31%, իսկ դեպրեսիայով
պացիենտների մոտ դիաբետի զարգացումը բարձր է 65%–ից: Սթրեսի և դիաբետի միջև էլ առկա
է պատճառհետևանքային կապ: Մի կողմից, սթրեսն ընդունակ է առաջացնել դիաբետ, մյուս կողմից`
դիաբետի առկայությունը նպաստում է սթրեսային վիճակին: Գաղտնիք չէ, որ տևական սթրեսն
էլ կարող է հանգել դեպրեսիայի առաջացմանը: Հետևաբար, առաջնահերթ են դառնում սթրեսների
կառավարումն ու սթրեսակայունության զարգացումը:
-Ձեր խորհուրդը՝ շաքարային դիաբետը հոգեբանական
տեսանկյունից կանխարգելելու համար:
-Ցանկացած դեպքում
շատ կարևոր է առողջ կենսակերպը` ճիշտ սննդակարգ, չափավոր ֆիզիկական ակտիվություն, վատ
սովորույթներից հրաժարում, հույզերի կարգավորում, սթրեսների կառավարում, դրական մտքերի
գերակշռում: Այս ամենն անհրաժեշտ է կիրառել և կանխարգելման, և շաքարային դիաբետ ախտորոշման առկայության դեպքում:
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը