«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել          Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

06 հոկ 2022 13:10

«Կոչերից բացի՝ ԵՄ-ն ոչինչ չի անի Ադրբեջանի դեմ».Բորելն անկեղծացել է, որ Ադրբեջանը կարևոր է ԵՄ-ի համար

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը ԵՄ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչության դեմ սեպտեմբերի 12-ի երեկոյան սանձազերծած պատերազմին։ «Հայկական ալիքը» ներկայացնում է Ժ․ Բորելի ասելիքի հիմնական դրույթները։
Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի սուվերեն տարածքը, ոչ թե ինչ-որ վիճելի տարածք, այդ պատճառով՝ ԵՄ-ն դա ընկալում է ոչ թե իբրև ռազմական գործողություններ վիճելի տարածքի շուրջ, այլ ներխուժումներ հայկական տարածք։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը:
ԵՄ-ն առաջարկել է, որ լինի ԵՄ միջնորդական առաքելություն, որը կտեղակայվի սահմանին: Հայաստանը համաձայն է, Ադրբեջանը՝ ոչ։ Առանց երկու կողմերի համաձայնության զորքեր ուղարկել ԵՄ-ն չի կարող։
Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և վերջերս կնքված էներգետիկ պայմանագրի համաձայն ԵՄ-ն ներմուծելու է 50% ավելի շատ գազ, քան նախկինում։
Սանկցիաներ և էներգետիկ պայմանագրերի լուծարում կամ ժամանակավոր սառեցում չի նախատեսվում։ Առավելագույնը, որ ԵՄ-ն կարող է, կոչ անելն է Ադրբեջանին զորքերը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքից, ինչն էլ արվում է։
Հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութի հետ կապված Ադրբեջանը հայտարարել է, որ հետաքննություն կիրականացվի։ ԵՄ-ն սպասում է արդյունքներին։
Անձամբ Ժ․ Բորելը վստահեցնում է, որ պակաս մտահոգ չէ ստեղծված իրավիճակով և մարդու իրավունքների ոտնահարմամբ, սակայն ԵՄ-ն անում է առավելագույնը, ինչ կարող է։
Այսպիսով՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն անկեղծորեն ընդունում է, որ Հարավային Կովկասում զսպվածության կոչերից և հասցեական հայտարարություններից բացի՝ ԵՄ-ն ի վիճակի չէ ոչինչ անել։ Ըստ էության Ժ․ Բորելը հաստատում է այն տեսակետը, որ ադրբեջանական պատերազմական ագրեսիայի զսպման առարկայական լծակներ այս պահիմ ԵՄ-ն չունի, իսկ տնտեսական և էներգետիկ լծակները իրացնելու նպատակահարմարություն չի տեսնում, ինչը բնական է՝ հաշվի առնելով էներգետիկ ճգնաժամի օրեցոր աճող սպառնալիքը։ Այս պարագայում, սակայն, հարց է առաջանում, թե այդ պարագայում ինչպես է ԵՄ-ն պատրաստվում երաշխավորել Շառլ Միշելի ակտիվ միջնորդությամբ ընթացող «խաղաղության պայմանագրի» իրականացումը, եթե այն այնուամենայնիվ կնքվի։ Հարկ է ևս մեկ անգամ արձանագրել․ Եվրոպայի հնարավորություններն ու նպատակները չեն համապատասխանում տարածաշրջանում խաղաղություն երաշխավորելու բարդ առաքելությանը, և Ժ․ Բորելի պատասխանները ԵՄ խորհրդարանում հնչած հարցերին ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու այդ։
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր